Հայկական ավանդական խոհանոցը ներկայում ունի ոչ թե պահպանության, այլ ներկայացման խնդիր: Պետք է հնարավորիս լավ ներկայացնել հայկական խոհանոցը, որպեսզի մարդիկ ծանոթանան, իմանան ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց բանաստեղծ-հաղորդավարուհի Սոնիա Թաշչյանը՝ ընդգծելով, որ պետք է ներկայում ավելի շատ ուշադրություն դարձնել բանահավաքման շնորհիվ հայկական մոռացված ճաշատեսակներն ու ուտեստները մոռացությունից փրկելուն:
Իր խոսքում նա կարևորեց հայկական խոհանոցային գրքեր հրատարակելու անհրաժեշտությունը, քանի որ ներկայում կան մի քանի փոքրիկ բրոշյուրներ, ինչը լիարժեք պատկերացում չի տալիս հայկական խոհանոցի մասին:
Նրա խոսքով՝ անընդունելի է հայկական խոհանոցի աղքատիկության մասին տարածված թյուր ըմբռնումը, քանի որ այն անչափ հարուստ է զանազան ուտեստներով, ինչ վառ վկայությունը մեկ ճաշատեսակի՝ տասից ավելի տարատեսակներ ունենալն է:
«Եթե դու չես ճանաչում, չգիտես քո ազգային խոհանոցը, ապա դա չի նշանակում, որ այն աղքատիկ է: Երբ ցանկանում էի իմանալ որևէ ազգային աղցանի մասին, ասում էին «Մայրաքաղաքային», այնինչ մենք ունենք Կիլիկյան հարուստ խոհանոց, հրաշալի ճաշատեսակներ»,- ասաց Ս.Թաշչյանը՝ դրա արմատները համարելով խորհրդային 70-ամյա տարիները, երբ ամբողջ ԽՍՀՄ-ում բոլոր ժողովուրդների խոհանոցները ենթարկվեցին խոհանոցային մեկ ընդհանուր կանոնների ու բոլոր ազգային խոհանոցները կարծես մոռացության տրվեցին:










































