Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ քաղաքի կենտրոնական փողոցներում գործող կրպակները պետք է ապամոնտաժվեն: Սակայն առևտրականները ընդդիմանում են այդ որոշմանը և խոստանում են իրենց բողոքի գործողությունները շարունակել այնքան ժամանակ, մինչև քաղաքապետը վերանայի իր որոշումը:
Այսօր քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք քաղաքապետը պատրաստվո՞ւմ է վերանայել իր այդ որոշումը: «Այստեղ վերանայման խնդիր չի կարող լինել, քանի որ դա օրենքի պահանջ է: Օրենքը պահանջում է, որ չսահմանված տեղերում նման կառույցներ չտեղակայվեր: Դա նույն վիճակն է, ինչ ապօրինի կառույցների հատվածը: Բացի այդ, օրենքը հստակ սահմանում է վարձակալության տալու պայմանները: Եթե որոշակի համայնքներ որոշակի հատվածներ վարձակալության էր տրամադրում, ինչ -որ ժամանակ անց, երբ ավարտվում է վարձակալության պայմանագիրը, որևէ պարտավորություն օրենքը չի սահմանում, որ պարտադիր պետք է սեփականատերը տվյալ սուբյեկտի հետ երկարաձգի պայմանագիրը: Օրենքը չի պահանջում նաև նրան առաջարկել այլ հատված: Հետևաբար՝ վարձակալության ժամկետը ավարտվել է, և համայնքը այլևս նպատակահարմար չի գտնում պայմանագրերը երկարաձգել»- հստակեցրեց Արթուր Գևորգյանը:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք բոլորի պայմանգրերի ժամկետն է ավարտվել, Գևորգյանն ավելացրեց, որ իրենք գործ ունեն միայն պայմանագրի ժամկետն ավարտված առևտրականների հետ. «Խոսքը վարձակալության ժամկետներն ավարտած տնտեսավարողների մասին է: Ավելին՝ օրենքը պահանջում է, որ ժամկետի ավարտից հետո վարձակալը տարածքը բերի նախկին տեսքին: Հիմա, ըստ էության, կատարվում է դա, և այստեղ արտառոց ոչինչ չկա»:








































