CNN TÜRK-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին գործուղում է Սիրիա՝ «անհրաժեշտ հանդիպումների» անցկացման համար։ Այս մասին շաբաթ օրն անձամբ հայտարարել է Էրդողանը։
Վերջինիս խոսքերով՝ Դավութօղլուն Սիրիա կմեկնի երեքշաբթի օրը։ Բանակցությունների ժամանակ Դավութօղլուն սիրիական կողմին կհանձնի սիրիական իշխանություններին հասցեագրած թուրքական կողմի «կոշտ» ուղերձը։
Էրդողանն ընդգծել է, որ իրենց համբերությունը հատում է. «Սիրիայում տեղի ունեցաող իրադարձությունները Թուրքիայի «ներքին խնդիրներն» են, քանի որ Թուրքիան այդ երկրի հետ ունի 850 կիլոմետրանոց սահման, ազգակցական, պատմական ու մշակութային կապեր»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին սիրիական Համա քաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների (որոնց զոհ գնաց ավելի քան 150 մարդ) կապակցությամբ Թուրքիայի նախագահ Գյուլը քննադատել էր իր սիրիացի գործընկեր Բաշար Ալ-Ասադին.
«Ոչ վաղ անցյալի իրադարձություններն ավելի ուժեղացրին մեր անհանգստությունը, որն առանց այդ էլ մեծ էր։ Համայի իրադարձություններն ազդել են իմ հոգեվիճակի վրա՝ առաջացնելով խոր շոկ։ Անհնար է արդարացնել Բաշար Ալ-Ասադի գործողությունները։ Այն ժամանակ, երբ մենք նրանից ակնկալում էինք արմատական փոփոխություններ, Ռամադանի շեմին ստացանք այդպիսի արյունալի պատկեր»։
Դավութօղլուն իր հերթին հայտարարել էր. «Համայում իրականացված օպերացիաներն առաջացրել են հիասթափություն ու անհանգստություն։ Այդ օպերացիաների անցկացման ժամանակն ու մեթոդները սխալ են, մենք քննադատում ենք այդ գործողությունները։ Անհրաժեշտ էր մտածել այն մասին, որ բնակավայրերում տանկերի ու ծանր հրետանու գործածումը հանգեցնելու էր մարդկային կորուստների։ Սիրիական իրադարձություններն անհանգստություն են առաջացրել նաև թուրքական հասարակությունում։
Մենք Սիրիայի ղեկավարությանը կոչ ենք անում ուժ չկիրառել սեփական ժողովրդի դեմ, բնակչությանը հնարավորություն ընձեռել խաղաղ ճանապարհով ներկայացնել իր արդար պահանջները և իրականացնել խոստացված բարեփոխումները։ Թուրքիան մշտապես աջակցելու է սիրիական ժողովրդին՝ սեփական ապագան կառուցելու հարցում»։








































