Նոր մրցաշրջանի մեկնարկին պատրաստվող Մադրիդի «Ռեալ»-ն իր վերջին` 7-րդ ընկերական հանդիպումն անցկացրեց ու 7-րդ հաղթանակը տոնեց: Մոուրինյոյի սաները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին չինական «Տյանցզին»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Կական (9 ր.), դի Մարիան (13 ր.), Իգուաինը (66 ր.), Ռոնալդուն (73 ր.) և Բենզեման (79, 81 ր.):
Մոուրինյոյի սաները ընկերական հանդիպումների շարքը սկսեցին ԱՄՆ-ից, որտեղ երկու խոշոր հաշվով հաղթանակ տարան` 4:1 և 3:0 հաշիվներով պարտության մատնելով համապատասխանաբար «Լոս Անջելես Գելեքսի»-ին և «Գվադալահարա»-ին, իսկ «Ֆիլադելֆիա Յունիոն»-ին հաղթցին 2:1 հաշվով:
Այդուհետ մադրիդցիներն ուղևորվեցին Եվրոպա և նախ 3:1 հաշվով հաղթեցին գերմանական «Հերտա»-ին, ապա` 2:1 հաշվով անգլիական «Լեյսթեր»-ին:
«Արքայական» ակումբի շրջագայությունն ավարտվեց Չինաստանում տոնած երկու խոշոր հաշվով հաղթանակներով` 7:1 Չինաստանի ընթացիկ առաջնության առաջատար «Գուանչժոու»-ի հետ և 6:0` «Տյանցզին»-ի հետ:
Օգոստոսի 7-ին Մոուրինյոն ու նրա սաները կվերադառնան Մադրիդ, որտեղ մեկ շաբաթ ժամանակ կունենան «Բարսելոնա»-ի հետ կայանալիք Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպմանը պատրաստվելու համար:







































