Լրանում է 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա ռուս-վրացական պատերազմի երեք տարին: Ի՞նչ շահեցին Ռուսաստանն ու Վրաստանը այս պատերազմից՝ հարց ուղղեց «Առաջին լրատվականը» 1993-1995 թթ. Վրաստանի փոխվարչապետ, 1995-2003 թթ. Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարաշվիլուն:
«Առաջինը՝ ոչ միայն հաղթողներ չեղան, այլև որևէ օգուտ այս պատերազմից կողմերը չունեցան: Բոլորը կորցրեցին. Վրաստանը կորցրեց վերահսկողությունը երկու տարածքների նկատմամբ, որը ուներ մինչև պատերազմը: Դրանք, իհարկե, հակամարտության գոտիներն էին, բայց այնտեղ հեռանկար կար ակտիվ աշխատանքների համար՝ կողմերի միջև խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բայց հիմա մենք խնդրի վատթարացում ունեցանք այս հարցում:
Հաջորդը՝ Վրաստանի անվտանգության հարցն է, երբ 40 կիլոմետրի վրա կանգնած են մի պետության տանկեր, որի հետ դեռ գտնվում եք պատերազմական վիճակում՝ համաձայնեք, որ սա այնքան էլ հարմարավետ զգացողություն չէ:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ նա էլ ոչինչ չշահեց այս պատերազմից: Ինչ կցանկանար Ռուսաստանը ստանալ այդ պատերազմից՝ չստացավ, ՌԴ-ն չկարողացավ նաև խոչընդոտել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպայի մերձեցմանը, չկարողացավ Վրաստանում իշխանափոխություն իրականացնել և ձեռք բերեց ագրեսորի համբավ, որը իր խնդիրները լուծելու համար պատրաստ է հեշտությամբ հարձակվել: Այսինքն՝ Խորհրդային Միության փլուզումից հետո զարգացող Ռուսաստանը վերածվեց տարրական մի ագրեսորի՝ միջազգային հանրության առջև և այս գնահատականը դեռ երկար կպահպանվի»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ ռուս-վրացական պատերազմը մեր տարածաշրջանի վրա, ի՞նչ դասեր է պետք քաղել դրանից, հարցրեցինք Վրաստանի նախկին արտգործնախարար Իրակլի Մենաղարաշվիլուն:
«Մեր տարածաշրջանը նույնպես տուժեց այդ պատերազմից: Առանց այդ էլ կովկասյան տարածաշրջանը անվտանգության հետ կապված բավական բարդ խնդիրներ ուներ՝ հայ-ադրբեջանական պատերազմը, Վրաստանի տարածքի հակամարտությունները, հայ-թուրքական լարվածությունը, ռուս-վրացական վեճերը: Ռուս-վրացական պատերազմից հետո իրավիճակը ավելի բարդացավ, քանի որ եթե մինչև պատերազմը մենք ունեինք մեկ բաց ճակատ՝ հայ-ադրբեջանականը, այժմ մենք Հարավային Կովկասում արդեն ունենք երկուսը: Միջազգային կառույցների մասնակցությունն ու ազդեցությունը հակամարտությունների կարգավորման գործընթացում բավական թուլացավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ՄԱԿ-ի ուժերին և ԵԱՀԿ առաքելությանը Վրաստանից դուրս թողնելու ջանքեր գործադրեց: Հաջորդ հետպատերազմյան իրողությունն այն էր, որ պատերազմից հետո տարածաշրջանը ռազմականացվեց»,- նկատեց նա:
Իրակլի Մենաղարաշվիլին նաև հավելեց, որ Հարավային Կովկասում չկա մի այնպիսի գործիք, որը կարող էր արդյունավետությամբ կանխարգելել թեժ կետերի ստեղծումը:









































