Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հայտարարություն է տարածել Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Ժոզեֆ Սիգելեն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
«Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո և առանց որևէ նախապայմանների»,- նշել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։
Նրա գնահատմամբ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ «Սա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:
Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»,- շեշտել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն: