Bike for Peace նորվեգական հասարակական կազմակերպության ղեկավար Տորե Նայերլանդը առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին առաջադրել Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը: Նայերլանդը այս հայտարարությամբ հանդես է եկել օգոստոսի 4-ին Աստանայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Նայերլանդի խոսքերով՝ Նազարբաևի թեկնածությունը առաջադրելու համար նամակներ են ուղարկվել ԱՄՆ Կոնգրես, Նորվեգիայի խորհրդարան և 1976 թ. Նոբելյան մրցանակակիր Մեյրիդ Քորիգանին, որը քաղաքական ակտիվիստ է Հյուսիսային Իռլանդիայից: Կորիգանն արդեն տվել է իր համաձայնությունը: Նայերլանդի մամլո ասուլիսը նվիրված է եղել Bike for Peace հեծանվավազքին, որը Ղազախստանը կազմակերպում է օգոստոսին:
Հեծանվավազքը նվիրված է Ղազախստանի անկախության 20-ամյակին, ինչպես նաև Սեմիպալատինյան ատոմային փորձադաշտի փակմանը, որին կմասնակցեն Նորվեգիայի 10 քաղաքացի և Ղազախստանի վեց բնակիչ, որոնք Սեմիպալատինսկից կուղևորվեն Աստանա: Հեծանվավազքը կավարտվի օգոստոսի 29-ին՝ Ատոմային փորձարկումների դեմ միջազգային օրը: 2009 թ. այս օրը ՄԱԿ-ում առաջարկվել է Նազարբաևի կողմից և նշվում է 2010 թվից: