Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա մակարդակը: Տիգրան Սարգսյանը կարևորել է Ժեբրայիլ Ժեարայի աշխատանքը Հայաստանում՝ երկկողմ հարաբերություների զարգացման և ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ութ տարիների ընթացքում հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման նպատակով ներդրած ավանդի համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժեբրայիլ Ժեարան հավաստիացրել է, որ իր երկրի կառավարությունը ևս նպատակաուղղված է ջանքեր գործադրելու՝ հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար: Դեսպանը տեղեկացրել է, որ լիբանանյան մի քանի ընկերություներ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ՝ ապահովագրական և ծառայությունների մատուցման ոլորտներում:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանն ու Լիբանանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ և երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված պատմական ավանդույթներ, մշտապես շարունակելու են արդյունավետ համագործակցությունը: