Գվինեայում վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ 4 մարդ է մահացել Էբոլա տենդից: Այս մասին հայտարարում է երկրի առողջապահության նախարարությունը: Հիվանդությունը սկսել է տարածվել պետության հարավ-արևելքում:
Հեմոռագիկ տենդի վիրուսը հայտնի է 1976 թվականից: Այն առաջին անգամ գրանցվել է Էբոլա գետի ափին: Այստեղից էլ հիվանդությունը ստացել է այդ անվանումը: Այն փոխանցվում է վայրի կենդանիներից մարդուն: Այնուհետև այն կարող է շրջանառվել մարդկանց պոպուլյացիայի մեջ:
Հիվանդների առաջին ախտանշանները նման են սովորական գրիպի՝ կոկորդի ցավ, մկանների բութ ցավեր, բարձր ջերմություն: Այնուհետև սկսում են չգործել երիկամներն ու լյարդը, զարգանում է ներքին արյունահոսություն: Այս հիվանդության մահացությունը բավականին բարձր է: ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր մոտ 30 հազար մարդ վարակվել է վիրուսով: Դրանցից ավելի քան 11 հազարը մահացել են:









































