Մարզական դիետոլոգ, սննդաբան Իրինա Պիսարևան պատմել է տարածված ու վնասակար դիետաների, ինչպես նաև այն մասին, թե դրանք ինչպես են ազդում առողջության վրա: Մասնագետը պարզաբանել է, որ դիետան հատուկ սնունդ է, և որևէ դիետայի վրա «նստելուց» առաջ մարդը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում օրգանիզմի հետ:
«Գոնե պետք է անալիզներ հանձնել, գնալ թերապևտի մոտ և պարզել՝ կա՞ն բորբոքային պրոցեսներ, գուցե աղեստամոքսային տրակտի որոշ քրոնիկ հիվանդություններ կան. սա ևս հակացուցված է որևէ կոնկրետ դիետայի վրա նստելու համար»,- բացատրել է մասնագետը:
RT-ի հետ զրույցում Պիսարևան նշել է, որ այժմ շատ տարածված են քաղցածության տարբեր սխեմաները: Սակայն դիետոլոգը նախազգուշացրել է, որ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող շատ մարդկանց սկզբունքորեն չի կարելի երկար ժամանակ քաղցած մնալ: «Գումարած, որ սովորական սննդակարգին վերադառնալուց հետո մարդկանց 80%-ը սկսում է ավելի շատ ուտել, քան առաջ: Նրանք սկսում են հավաքել ավելի շատ կիլոգրամներ»,- հավելել է նա:
Մոնոդիետաները, փորձագետի խոսքով, ևս լինում են վտանգավոր, ինչպիսիք են հնդկաձավարը կամ կեֆիրը, որովհետև մեկ մթերքով սնվելիս օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր: Արդյունքում օրգանիզմը թուլանում է, և նվազում դիմադրողականությունը, մարդն ունենում է քիչ էներգիա և կարող է հիվանդանալ: «Երկու օր նա ուտի միևնույն մթերքը, հետո կձանձրանա դրանից: Այս դիետաները շատ ցածր կալորիականություն ունեն»,- նշել է մասնագետը:
Դիետոլոգը հավելել է, որ ինքը չի ողջունում նաև դետոքս-դիետաները, երբ օգտագործում են միայն սմուզիներ, խառնում են 5-6 բանջարեղեն և միրգ: Նրա խոսքով՝ դրանցից մի քանիսը պարզապես անհամատեղելի են, և ստացվում է, որ օրական շատ մեծ քանակությամբ տարբեր բանջարեղեն և մրգեր խառնվում են իրար: Պիսարևան նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև որևէ մրգի կամ բանջարեղենի անհատական անհամատեղելիությունը: Սննդակարգում կարելի է ավելացնել սմուզիներ, բայց ոչ այնքան հաճախ, ինչպես նաև թարմ քամած հյութեր, որոնք մեծապես բարձրացնում են թթվայնությունը:









































