Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Թուրքիայի խողովակաշարերի վրա իրականացված ահաբեկչական գործողություններից հետո այդ երկրում վերստին այժմեական է դարձել գազամուղերի ու նավթամուղերի պաշտպանության հարցը։
Առաջնայինը համարվում են միջազգային նշանակություն ունեցող խողովակաշարերը. «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան», «Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան)» նավթամուղերը և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», «Թավրիզ-Էրզրում (Անկարա)», «Երկնագույն հոսք» գազամուղերը։
Այս խողովակաշարերի պաշտպանության համար Թուրքիայի էներգետիկայի ու ներքին գործերի նախարարությունները հատուկ պլան են մշակել, որի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Միայն նշվում է, որ խողովակաշարերի անվտանգության համար կիրառվելու են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, ինչի կապակցությամբ պետական կառույցները սկսել են բանակցել TUBİTAK և TURKSAT ընկերությունների հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Միդյաթի շրջանում պայթեցրել էին «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը, իսկ դրանից 4 օր առաջ PKK-ի իրանական թևը՝ «Քրդստանի ազատ կյանք» կուսակցությունը (PJAK) Մակու քաղաքից ոչ հեռու պայթեցրել էր Իրանից Թուրքիա եկող գազատարը։
Ի դեպ, նախորդ տարի էլ քուրդ զինյալները մի քանի անգամ պայթեցրել էին Իրաքից եկող նավթամուղն ու Իրանից եկող գազամուղը, որով և մեծ վնաս էին հասցրել ԵՄ-ի ունեցած աչքում Թուրքիայի՝ հուսալի տարանցիկ երկիր լինելու վարկին։ Այդ դեպքերից հետո Թուրքիայում վճռվել էր այդուհետ խողովակաշարերի պաշտպանությունը դնել իսրայելական արտադրության Heron անօդաչու հետախուզական ինքնաթիռների վրա, ինչն ինչպես ցույց են տալիս ներկայիս իրադարձությունները, չի արդարացնում իրեն։








































