ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի մասնագետները բացահայտել են, որ սեմագլուտիդը՝ շաքարախտով հիվանդների համար դեղամիջոցը, չափազանց արդյունավետ միջոց է ճարպակալման դեմ: Իրենց հաջողությունների մասին նրանք պատմել են New England Journal of Medicine ամսագրում:
Հետազոտության մասնակիցներ են դարձել գրեթե 2000 ճարպակալում ունեցող և շաքարախտով չտառապող մարդիկ, որոնք ամեն շաբաթ ստացել են սեմագլուտիդ կամ պլացեբո: 68 շաբաթվա մեջ առաջին խումբը կորցրել է մարմնի քաշի մոտ 15%-ը, երկրորդը՝ ընդամենը 2,4%-ը: Սեմագլուտիդ ստացած մասնակիցների ավելի քան մեկ երրորդը կորցրել է մարմնի քաշի ավելի քան 20%-ը: Շատերի մոտ անհետացել են նաև դիաբետի և նախադիաբետի ախտանշանները:
Այս արդյունքները զգալիորեն լավն են, քան ճարպակալման դեմ այլ դեղամիջոցներինը՝ ընդգծում են հետազոտողները: Առայժմ նման արդյունքների հաջողվել է հասնել միայն ստամոքսի փոքրացման վիրահատության միջոցով: Բացի դրանից, միայն ոչ մեծ թվով մասնակիցներ են բախվել նիհարելու համար տարածված դեղամիջոցների կողմնակի ազդեցությանը:
Այս պահին հիմնական խնդիրը բուժման արժեքն է՝ շաքարախտ ունեցողների համար սեմագլուտիդի ամսական կուրսը արժե գրեթե $1000, իսկ նիհարելու համար օգտագործվել են ավելի մեծ չափաբաժիններ, ինչը բարձրացնում է արժեքը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով դեղամիջոցի զարմանալի արդյունավետությունը՝ հնարավոր է, որ ապահովագրական ընկերությունները ծածկեն ծախսերը:









































