Եվրահանձնաժողովը (ԵՀ) հստակեցրել է Եվրամիության պատվաստման ռազմավարության նպատակը. ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստված լինի ոչ թե «մինչև ամառ», այլ ամռան վերջին, այսինքն՝ աստղագիտական սկզբունքներով մինչև սեպտեմբերի 21-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Մենք խնդիր ենք դրել ԵՄ-ի բնակչության 70 տոկոսին պատվաստել մինչև ամռան վերջը, իսկ ամառը, ինչպես գիտեք, ավարտվում է սեպտեմբերի 21-ին»,- հայտարարել է նա:
Այսպիսով, Եվրամիության պատվաստման ռազմավարությունը, որը կազմվել է 2020 թվականի դեկտեմբերին, սահուն տեղափոխում է դրանում ամրագրված ժամկետներն առանց բուն փաստաթղթի ճշտման: Սկզբնապես Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է չափահաս բնակչության 70 տոկոսին «մինչև ամառ» պատվաստելու անրաժեշտության մասին, այնուհետև Եվրահանձնաժողովի հայտարարություններում սկսել է հնչել «ամռանը» ձևակերպումը, դրանից հետո՝ «մինչև ամռան վերջը», և, վերջապես այժմ հայտնվել է նոր ճշտում, որ ամառ ասելով՝ նկատի է առնվել ոչ թե օրացուցայինը, այլ աստղագիտականը. այսինքն՝ այն ավարտվում է ոչ թե օգոստոի 31-ին, այլ սեպետեմբերի 21-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը:
2021-ի առաջին եռամսյակում ԵՄ-ում պատվաստանյութի առաքման պակաս կար արևմտյան երեք մատակարարներից, որոնց պատրաստուկներն այս պահին ԵՄ-ում արդեն թույլատրված են։ Այս պահին Եվրահանձնաժողովն ակնկալում է առաջին եռամսյակում ստանալ 106 միլիոն դեղաչափ, մինչդեռ երկրորդ եռամսյակում իրավիճակը պետք է նորմալանա, և մատակարարումները հասնեն հաշվարկային 300 միլիոն դեղաչափին։









































