Այն, որ Սևանի մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 12 սմ-ով, ես շատ դրական եմ գնահատում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Ես չեմ կարող ասել, որ նախկինում այսքան բարձրացում ունեցել ենք: Ունեցել ենք ջրի մակարդակի բարձրացումներ, բայց շատ ավելի փոքր: Կարելի է ասել, որ սա աննախադեպ է և շատ դրական է»,- ասաց նա՝ հավելելով, որ դրան նպաստել են և՛ բնակլիմայական պայմանները, և՛ այն, որ այս տարի քիչ է ջուր բաց թողնվել Սևանից:
«Երբ քննարկում ենք Սևանի ջրի որակի լավացումը, Սևանի առողջացումը, դրա համար առաջին պայմանը մակարդակի բարձրացումն է: Այդ առումով, մակարդակի բարձրացումը շատ դրական երևույթ է»,- ասաց նա:
Կարինե Դանիելյանին զարմացնում է, որ Սևանի մակարդակի բարձրացման հետ կապված խոսվում է սպասվող բացասական երևույթների մասին։ «Որովհետև վաղուց կան ծրագրեր Սևանի մակարդակը բարձրացնելու և ափամերձ տարածքները դրան նախապատրաստելու վերաբերյալ: Պետք է ուղղակի բավականին արագ դրան արձագանքել: Այնտեղ կան կառույցներ, որոնք վաղուց որոշված է, որ պետք է տեղափոխվեն ավելի հեռու տարածքներ: Կառույցներ կան, որոնք շատ վտանգավոր են և ուղղակի չպետք է լինեն այդտեղ: Այդ ամենը կա, մեկ առ մեկ ուսումնասիրված է, ընդամենը դա պետք է իրականացնել»,- ասաց նա:
Նշենք, որ Սևանա լճի մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 12սմ-ով: Արփա-Սևան ջրատարով՝ փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.392 մլն խմ, իսկ հունվարի 1-ից փետրվարի 7-ը ներառյալ՝ 13.177 մլն խմ:










































