Հայաստանում վերջին ամիսներին շարունակվում է պահպանվել բարձր գնաճը՝ հատկապես որոշ ապրանքների առումով։ Սա է փաստում Վիճակագրական կոմիտեի՝ հունվար ամսվա գնաճի վերաբերյալ արված հրապարակումը, ըստ որի՝ 2021 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ արձանագրվել է 4,5 տոկոս գնաճ, ընդ որում՝ 6,4 տոկոս գնաճ է արձանագրվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում։
Ըստ ձեզ՝ որո՞նք են գնաճի վրա ազդող հիմնական գործոնները․ «Առաջին լրատվական»-ի հարցին տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց․ «Նախորդ 4-5 տարիների ընթացքում մենք այսպիսի իրավիճակ չենք ունեցել։ Գնաճի մասին խոսելիս մենք՝ տնտեսագետներս, հակառակ հարցն էինք բարձրացնում։ Ամեն տարի բյուջեով նախատեսված է, որ գնաճը պետք է լինի 4 ± 1,5 տոկոս։ Համաշխարհային իրադարձությունների շրջանակում 2020 թվականին՝ հուլիս ամսից սկսած, արձանագրվել է բարձր գնաճ՝ հատկապես սննդամթերքի գծով։ Դա չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետությանը, համաշխարհային շուկայում սննդամթերքի գծով գնաճ է տեղի ունեցել․ դա վերաբերում է հացահատիկին, բուսական ու կենդանական յուղին և շատ-շատ այլ ապրանքատեսակների։
Ուզում եմ ասել, որ այդ գնաճը հիմնականում արտաքին գործունեության ազդակ է, օրինակ՝ կրակի վրա յուղ լցրեց ԱՄՆ-ի և Չինաստանի բեռնափոխադրող ծառայությունների շեշտակի աճը։ Այսինքն՝ նույն իրավիճակն է Ռուսաստանում, Վրաստանում։ Միանշանակ, հիմնական գործոնը համաշխարհային շուկայում տեղի ունեցող գնաճն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։







































