Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ հարությունյանը կրկին խորհրդարանում էր` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման: Իր նախարար նշանակվելուց ի վեր Վաղարշակ Հարությունյանը բավական հաճախ է լինում Անդրանիկ Քոչարյանի մոտ: Լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին`այս անգա՞մ ինչ պատճառով է խորհրդարանում: Նա կրկին հարցերին չպատասխանեց:
Լրագրողները հետաքրքրվեցին`նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաճախ չէ՞ր գալիս: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Տոնոյանն էլ էր հաճախ գալիս։ Համոզված եմ՝ ոչ այդ որակի հանդիպումներ էր, այն, ինչ իրականացնում է այսօրվա նախարարը։ Մեր այսօրվա նախարարը կրում է այնպիսի ուսադիրներ, որը պարունակում է ռազմական բաղադրիչը։ Նա Սոցապ նախարար չի, Պաշտպանության նախարարին չի կարելի խանգարել։ Մի շարք օրենքներ, որոնց վրա աշխատում ենք, որոնց վերաբերյալ լինում են նախարարի հետ հանդիպումներ»։











































