Ես չեմ ուզում, որ մենք արտահերթ ընտրություններին նայենք որպես մեկ քաղաքական ուժի ցանկություն կամ օրակարգ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Իրականում արտահերթ ընտրությունները պետք էթ լուծեն ընդհանուր խնդիր: Արդյոք արտահերթ ընտրությունները լուծում են այն խնդիրները, որոնք մենք ունենք: Արդյոք արտահերթ ընտրությունները չեզոքացնում են առկա քաղաքական լարվածությունը: Դա էր պատճառը, որ երբ որոշ քաղաքական ուժեր փողոցում պահանջում էին վարչապետի հրաժարականը, ներկայացվեց միակ կառավարությունը փոխելու միակ օրինական ճանապարհը՝ ընտրություններ: Սա էր պատճառը, թե ինչու իշխանությունը առաջարկեց արտահերթ ընտրություններ: Հարցն այն չէ, թե մի քաղաքական ուժ շատ է ուզում, կամ շատ է շահում դրանից: Ոչ մեկը չունի պատասխանը, թե որ քաքղաքական ուժն է շահում կամ կորցնում: Երկար ժմանակ այս առաջարկը արձագանք չգտավ ընդդիմադիր դաշտում, հատկապես փողոցում գտնվող ուժերից: Փողոցից հնչում էին կատեգորիկ պահանջներ՝ հրաժարական ու վերջ»,-ասաց նա:






































