Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարա շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են, գրում է ermenihaber-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում օպերացիայի առաջին օրը 2 թուրք զինվորական է սպանվել և ևս 4-ը վիրավորվել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հոսպիտալացված զինվորականներից մեկը՝ կապիտան Էրթուղ Գյուլերը մահացել է:
Սպանված թուրք զինծառայողներն էին՝ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը:
Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, հիշյալ օպերացիայի ընթացքում Թուրքիայի զինուժն ավելի շատ սպանվածներ և վիրավորներ ունի, քան հրապարակում է: Ըստ քրդական կայքի տվյալների՝ սպանված թուրք զինծառայողների թիվը 9-ն է:
Նշենք, որ ռազմական գործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ-ն «Pençe Kartal»-ի առաջին օպերացիան սկսել էր 2019թ.-ի հունիսի 28-ին:











































