ԱՄՆ իշխանությունները թույլատրել են նոր տիպի կորոնավիրուսի բուժման համար ամերիկյան Eli Lilly դեղագործական ընկերության մշակած «հակամարմինների կոկտեյլի» շտապ օգտագործումը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության (FDA) կայքը:
Նշվում է, որ FDA-ն հաստատել է այնպիսի մոնոկլոնալ հակամարմինների օգտագործումը, ինչպիսիք են բամլանիվիմաբը և էթեսեվիմաբը: Դրանք օգտագործվում են COVID-19-ի մեղմ և միջին ձևերով հիվանդացած մեծահասակների և առնվազն 40 կգ մարմնի քաշով 12 տարեկանից բարձր երեխաների բուժման համար, եթե նրանք կորոնավիրուսային վարակի ախտորոշման թեստի դրական պատասխան են ստացել կամ մեծ է հիվանդության ծանր ձևի զարգացման վտանգը:
Վարչությունից հաղորդել են, որ կլինիկական փորձարկումների ընթացքում հաստատվել է, որ այս կոկտեյլի մեկանգամյա ներերակային միաժամանակյա ներարկումը զգալիորեն կրճատել է կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացման և մահվան դեպքերի քանակը: Գիտնականները շարունակում են գնահատել դրա անվտանգությունն ու արդյունավետությունը:









































