«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահի օգնական, «Խաչմերուկ» ՀԿ հիմնադիր, Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի անդամ Վահան Բաբախանյանը։
– Հաշվի առնելով, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, հնարավո՞ր է, որ Ռուսաստանից Հայաստան ներհոսք լինի, կա՞ն նման տրամադրություններ:
– Ես չեմ կարծում, որ նման բան կարող է լինել: Այո՛, ծանր վիճակ է Ռուսաստանում, բայց հակառակն է, շատերն ասում են՝ քանի որ մինչև մարտի 1-ը բացվել են ճանապարհները, երևի Հայաստանից կմեկնեն, և դա ցավալի կլինի: Դա շատ մտահոգիչ է: Բացի դրանից՝ հիմա հայտարարվում է, որ Արցախ է վերադարձել շուրջ 55 հազար փախստական, բայց նախքան պատերազմը Արցախում ապրում էր շուրջ 120-130 հազար մարդ: Այսինքն՝ շուրջ 45-50 հազար արցախցի այս պահին ապրում է Հայաստանում և մեծ հավանականություն կա, որ շատերը կհեռանան Հայաստանից: Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, բայց երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ Սփյուռքը որ կա, դա հնարավորություն է տալիս հեշտ մեկնել Հայաստանից: Այդ միտքը ճիշտ է, որ մարդկանց համար հեշտ է մեկնել, մեկին կգտնեն Ռուսաստանում, Եվրոպայում ու կմեկնեն: Եթե Սփյուռքը չլիներ, արտագաղթը Հայաստանից երևի թե ավելի քիչ կլիներ: Հիմա ես սպասում եմ, որ այդ հոսքը դեպի դուրս կլինի: Մենք էլ մեր հերթին քննարկում ենք, թե ինչպես օգնենք, որ մարդիկ այնտեղ գործ ունենան, տեսնեն, որ կա զարգացում ու չհեռանան:
– Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով Ռուսաստանում էր, որտեղ խոսել է Ռուսաստանի հետ խոր համագործակցության անհրաժեշտությունից: Հայաստանում էլ ինչ-որ հավաքներ են անում, ուզում են Ռուսաստանին միանալ: Ինչպե՞ս եք դա գնահատում:
– Պարզ է, որ, ցավոք, այդ խաղաքարտը կօգտագործվի, որովհետև այնպես է ստացվել, որ հիմա Ռուսաստանից շատ ենք կախված, և շատերն են օգտագործում այդ փաստը՝ Բաղդասարյանից սկսած, Մարդոյանից սկսած, որոնց ես չեմ ուզում մեկնաբանել: Հասկանալի է, որ մենք պետք է որոշակի բալանս ունենանք, բայց դա չպետք է լինի այնպես, որ 80-90 տոկոս լինեն դրսի շահերը, 10-20 տոկոս՝ մերը: Երբ մարդիկ այսօր խոսում են, երևում է, թե քանի տոկոսը որտեղ է: Չի կարելի այսօր ասել՝ մենք պետք է 100 տոկոսով միայն հայկական շահերը սպասարկենք, անտեսենք մնացած բոլորին, բայց երևում է, որ Քոչարյանը շատ է թեքում դեպի Ռուսաստան: Տեսեք, Քոչարյանը մեկ ժամ խոսեց «Սպուտնիկի» եթերում, մի՞թե գոնե մեկ անգամ չպետք է խոսեր այն մասին, որ պետք է գնահատական տալ Ադրբեջանի հանցագործություններին: Քոչարյանն ու Արմեն Գասպարյանը խոսում էին ռուսերեն, նշանակում է՝ ռուսական աուդիտորիան կլսի այդ հաղորդումը, գոնե երկու բառ ասեր, որ Ադրբեջանը կատարել է այս-այս հանցագործությունները: Ես Նիկոլ Փաշինյանին ո՛չ կողմ եմ, ո՛չ դեմ, բայց նա քանի-քանի անգամ ասաց Ադրբեջանի հանցագործությունների մասին պատերազմի ժամանակ: 30 լրատվամիջոցների հետ հանդիպմանը խոսեց ցեղասպանության վտանգի մասին: Հիմա չի խոսում, ինչը վատ է: Քոչարյան, դու խոսիր այդ մասին:
– Այսինքն՝ Քոչարյանը պետք է առարկայակա՞ն խոսեր այդ թեմայի մասին:
– Ես չեմ ասում՝ շատ խոսեր այդ մասին, գոնե մի անգամ հիշատակեր, որովհետև Ադրբեջանի հանցագործությունների մասին մենք ամեն օր բարձրաձայնում ենք: Հիմա այդ թեմաներից ամենաշատը խոսում է Հայաստանի օմբուդսմենը, որին կյանքում չեմ տեսել, բայց շատ հարգում եմ: Այդ հարցը պետք է ամեն պահի օդում կախված լինի:
Ես գործարար չեմ, բարերար չեմ, բայց համայնքում ակտիվություն ենք ցուցաբերում, «Ֆեյսբուքում» 10 հազարանոց խումբ ունենք, որից 2 հազարը Հայաստանից են, 2 հազարը՝ Մոսկվայից: Հիմա բոլոր ուղղություններով, բոլոր հարթակներում պետք է այդ «գրադուսը» պահենք՝ առավոտից երեկո պետք է հնչեցնենք, որ այդ ցեղասպան երկիրը ինչեր է արել: Բայց եթե Ռոբերտ Քոչարյանը գալիս է Ռուսաստան, չի խոսում այդ մասին, Վազգեն Մանուկյանը չի ասում, Փաշինյանն այսօր չի ասում, Հանրային խորհուրդը չի խոսում, դա շատ վատ է: Մի քանի հարց կա, որն ինձ համար լակմուսի թուղթ է ցանկացած գործչի դեպքում, դրանցից մեկը իմ ասած հարցն է: Ռուսաստանի հայտնի մշակույթի գործիչներ նամակ են ստորագրել՝ ուղղված Պուտինին, որ հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը պաշտպանվի Ադրբեջանին անցած տարածքներում: Մենք առաջարկում ենք կլոր սեղան կազմակերպել, միջազգային մակարդակով երկխոսություն, քննարկում լինի մշակութային ժառանգության մասին հենց Արցախում: Սա շատ կարևոր է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ էր հայտարարել, որ կայցելեն Արցախ, սակայն հետո պարզվեց, որ ասում են՝ Ադրբեջանը թույլտվությունը չի տվել: Հիմա մենք պետք է այդ նամակը ստորագրած 80-ից ավելի հայտնի գործիչներին ասենք, որ նամակից անցել է երեք ամիս, բայց մեր մշակութային ժառանգությունը շարունակում են ոչնչացնել: Այսինքն՝ մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռացության տանք այս թեման, այդ փայտը, այդ մահակը միշտ պետք է մեր ձեռքին լինի՝ ընդդեմ Ադրբեջանի:
– Ռուսաստանի հայ համայնքն ինչպե՞ս է գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները:
– Շատ դժվար է գնահատական տալ: Ես համաձայն եմ, որ հասարակությունը բաժանված է, համայնքները բաժանված են, ազգը բաժանված է, ընտանիքը բաժանված է: Հիմա քաոտիկ վիճակ է, մենք պետք է 3-4 քայլ առաջ նայենք ու էմոցիաներին վերջ տանք: Մենք այսօր հիվանդ ենք, պետք է հաղթահարենք այդ հիվանդությունը:
Շուտով «Խաչմերուկից» կդիմենք, որ Ազգային ժողովում կազմակերպվեն լսումներ փետրվարի 28-ի թեմայով և անպայման Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ես գրավոր առաջարկել եմ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին, որ այդ թեման՝ 1918 թվից Ադրբեջանի բոլոր հանցագործությունների դեմ օրակարգ նաև իրենց մոտ լինի, բայց արձագանք առաջարկիս մինչև հիմա չկա։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի









































