«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանը։
– Պարոն Մեհրաբյան, վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը կրկին ակտիվացել են, նշում են, որ ցուրտն էր պատճառը, որ մարդիկ փողոց դուրս չէին գալիս, հիմա այդ պատճառն այլևս չկա։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ սպասել նրանց գործողություններից։
– Ամեն ինչ տեղավորվելու է մի տրամաբանության մեջ՝ ոչ ընտրական մեխանիզմներով տիրանալ Հայաստանի կառավարման լծակներին։ Այլ նպատակ նրանք մինչ այդ էլ չեն հետապնդել, հիմա էլ չեն հետապնդում։ Նրանք այլ տարբերակ չունեն, որովհետև ընտրական մեխանիզմը նրանց շանսերը հավասարեցնում է զրոյի, և որովհետև միակ բանը, որ նրանք առաջացնում են՝ զզվանքն է հասարակության մեջ։ Եվ նրանք դա շատ լավ գիտեն։
– Նրանց մի մասը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը…
– Ով ասում է, որ կողմ է ընտրություններին, դա դեռ չի նշանակում, որ ինքը դեմ կլինի ոչ ընտրական մեխանիզմներով իշխանական լծակներին տիրանալուն։ Ընտրություններին կողմ լինողն այդ բանդայի հետ մի ընդհանուր ձևաչափում չէր լինի։ Այնպես որ, նման հայտարարություններին պետք է վերաբերվել մեծ վերապահումով։
– 16 ուժ են, բայց հանդիպում են 6 ուժերի առաջնորդներ, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը։ Սա ի՞նչ է նշանակում, իրականում կա՞ այդ «16+» ֆորմատը։
– Քանի որ 16-ն ավելի տպավորիչ թիվ է, քան 6-ը, տարբեր մանր-մուր կուսակցությունների էին հավաքել իրենց շուրջը։ Բայց ընդհանուր առմամբ հենց այդ 6 հոգին են փորձում որոշել։ Կարելի է շրջանակն ավելի նեղացնել, թե ով է վերջնական որոշումներն ընդունում այդ ձևաչափում։
– Նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի՞ն։
– Դուք ասացիք։
– Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան միավորումը հնարավոր համարո՞ւմ եք։
– Սերժ Սարգսյանի դերակատարության մասին այս պահին դժվար է դատողություն անել։ Բայց այնուամենայնիվ այս ընդհանուրի մեջ նա ևս ունի որոշակի դերակատարություն։
– Հասարակության մի հատվածի մեջ դժգոհություն կա պատերազմի արդյունքներից, տնտեսական իրավիճակից։ Արդյոք այժմ առկա՞ է այնպիսի մթնոլորտ, որ հասարակությունն ուզենա արտասահմանադրական ու արտաընտրական մեխանիզմներով փոփոխություններ։
– Կարելի է դժգոհ լինել ամեն ինչից։ Բայց պետության գոյության շահերին դեմ գործելը պարզապես որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Բայց դա այն է, ինչով զբաղվում են այդ ուժերը, փորձում են քարոզել, բայց ստացան հասարակության զրոյական աջակցություն։ Դա այն է, ինչ նրանք սպառնում էին։ Վազգեն Մանուկյանն ասում էր՝ գնացեք զոռով, ուժով գրավեք շենքերը, և ի՞նչ՝ ոչինչ։ Ուստի այդ ուժերը չունեն որևէ սոցիալական աջակցություն։









































