«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:
– Տիկին Թադևոսյան, ԿԲ–ն ներքին ու արտաքին շուկաներն ուսումնասիրելով՝ 0.25 կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5 տոկոս: Արդյո՞ք վերաֆինանսավորման բարձրացման հետևանքով ներդրումների կրճատում չի լինի, քանի որ փողը թանկանում է:
– Վերաֆինանսավորման տոկոսադրույքը տնտեսական վիճակի կարգավորման գործուն միջոցներից մեկն է: Տոկոսադրույքի իջեցումը խթանում է տնտեսական զարգացումը, քանի որ փոխառությունները էժանանում են, նախ՝ բանկերի, այնուհետև բիզնեսի և վերջապես սպառողների համար: Բիզնեսը աշխուժանում է, ներդրումները ակտիվանում են, ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկը մեծանում է, ինչն էլ խթանում է տնտեսական աճը: Հիմա պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրանում է: Տեղի են ունենում հակառակ գործընթացներ: Տնտեսական բարենպաստ կոնյունկտուրայի դեպքում, երբ երկրները տնտեսական վերելք են արձանագրում, ինչ-որ մի փուլում շուկան հագենում է և հետագայում հնարավոր է դառնում նրա փլուզումը: Դա թույլ չտալու համար Կենտրոնական բանկերը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման միջոցով տնտեսական գործընթացները սառեցնում են:
Հիմա անդրադառնանք ներկա իրավիճակի գնահատականին:
Համաշխարհային տնտեսության ներկա ժամանակաշրջանը չափազանց անբարենպաստ է: Նոր համավարակով պայմանավորված՝ աշխարհն ընկղմվել է ռեցեսիայի մեջ: 2020-ին համաշխարհային տնտեսության անկումը 5 տոկոսից ավելին է: Նման իրավիճակ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չի գրանցվել: Կորոնավիրուսի պատճառով ներդրողների կողմից զարգացող երկրներից դուրս է բերվել 83 մլրդ դոլար: Այսինքն՝ այդ երկրներից տեղի է ունեցել կապիտալի արտահոսք: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում. տնտեսական ակտիվության անկումը 11 ամսում կազմել է 7․2տոկոս
Այսինքն՝ դատելով դասական տնտեսագիտության պոստուլատներից՝ ԿԲ որոշումը, այսպես կոչված, տնտեսական սպառնալիք է: Սակայն ԿԲ-ն առաջնորդվել է հետևյալ տրամաբանությամբ: Վերաֆինանսավորումը նաև արժութային շուկայի վրա ազդելու գործիք է, ուստի դրամի արժեզրկումը կանխելու համար գնացել է այդ քայլին, որը, այո, կհանգեցնի ներդրումների կրճատմանը: Միևնույն ժամանակ, դրամի արժևորումը, այլ հավասար պայմաններում այն կդարձնի ավելի գրավիչ, գները կկայունանան:
– Եվրոբոնդեր են թողարկվել 10 տարով՝ 3.875 տոկոս եկամտաբերությամբ: ԿԲ նախագահը նշում է, որ պահանջարկը շատ մեծ է, և Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ երբեք չի եղել այդքան մեծ պահանջարկ: Ինչպե՞ս եք սա գնահատում։
– 3.875 տոկոս եկամտաբերությունը, զարգացող այլ երկրների համեմատությամբ, շատ ցածր եկամտաբերություն է: Ընդհանրապես, երկրի պարտատոմսերի եկամտաբերության մակարդակը հակադարձ համեմատական է Moody’s վարկանիշին: Հայաստանի վարկանիշը բավականին բարձր է՝ B+++, ուստի եկամտաբերությունը ցածր է: Դա խթանում է ավելի ցածր վարկանիշ ունեցող երկրների պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Եվրոբոնդերի նկատմամբ պահանջարկի մեծ լինելը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ միջազգային ներդրողները բարձր են գնահատում ՀՀ մակրոտնտեսական ինստիտուտների կայունությունը, որոնք կայացած են և վստահելի: Այն արհավիրքները, որոնց միջով մեր երկիրն անցավ, կարող էր տնտեսական կոլապսի հանգեցնել, սակայն համեմատական կայունություն ապահովվեց: Եվ երկրորդ, արտաքին ներդրողների մոտ իրացվելի ֆինանսական ներդրումների պահանջարկը մեծ է, իսկ զարգացող երկրների ֆինանսական միջոցները համարվում են իրացվելի: Ներկայում Եվրոբոնդերի շուկայում պահանջարկը հասնում է 2.5 մլրդ դոլարի, իսկ Հայաստանը թողարկել է 750 մլն դոլար արժողությամբ Եվրոբոնդեր:
– ԿԲ նախագահն ասուլիսում նշել է, որ իրեն չափազանց մտահոգում է պետության կողմից կապիտալ ծախսերի թերակատարումը, որ պետությունը պետք է կատարի կապիտալ ծախսերը, որ տնտեսության ներուժը հասցնի նախապատերազմական մակարդակին: Ինչո՞ւ են թերակատարվում կապիտալ ծախսերը: Ի՞նչ պետք է անի պետությունը, որ չի անում այս ուղղությամբ:
– Կապիտալ ծախսերի թերակատարման պատճառը, կարծում եմ, կառավարության անվճռականությունն է: Որպեսզի հասկանալի լինի անվճռականության իմաստը, պետք է գիտենալ, թե կապիտալ միջոցներն ինչ ուղղություններով են ծախսվում: Այդ ծախսերը ներառում են իրավաբանական և ֆիզիկական անձանց տրվող գրանտները, որոնք զբաղվում են գիտական մշակումներով, առանձնացվում են միջոցներ պարտքային պարտավորությունների կատարման համար, այլ երկրներին վարկեր են տրամադրվում, տարբեր ձեռնարկություններին միջոցներ են հատկացվում պայմանագրային աշխատանքների կատարման համար, ներառում են տարբեր փոխհատուցման պարտավորություններ և այլն: Բոլոր այդ ծախսերը պետք է պլանավորել, իրականացնել, արդյունքները վերահսկել: Վստահության պակաս կա նաև:
– Տեսակետ կա, որ արտագաղթն ու երկրում տնտեսության վիճակը կախված է լինելու նրանից, թե բիզնեսն ինչպիսի վարքագիծ է դրսևորում, որ բիզնեսը սպասում է իշխանության խոսքին ու ընդունած որոշումներին: Այս առումով ի՞նչ պետք է անել բիզնեսն աշխուժացնելու և արտագաղթը կանգնեցնելու համար:
– Արտագաղթողը կարտագաղթի ամեն դեպքում: Սակայն իշխանությունը պետք է աշխատի, պարզապես աշխատի, փոխի իր աշխատաոճը, լինի ավելի օպերատիվ, պատասխանատու, վճռական և արդյունավետ:











































