ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է համագործակցությունը հինգ փաստաբանի հետ, որոնք ԱՄՆ Կոնգրեսի սենատում նրա իմպիչմենթի գործընթացի շրջանակում մշակում էին պաշտպանության ռազմավարությունը: Այս մասին, աղբյուրներին հղումով, հայտարարել է CNN-ը:
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախկին նախագահի իրավաբանական թիմը գլխավորող Բութչ Բաուերսը և Դեբորա Բարբիեն այլևս Թրամփի փաստաբանների թիմի մաս չեն կազմում: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ համագործակցությունը դադարեցնելու որոշումը երկկողմանի է:
CNN-ի տվյալներով, նախկին նախագահի իրավաբանական թիմը լքել են նաև Ջոնի Գեսերը, Գրեգ Հարիսը և Ջոշուա Հովարդը: Ըստ հեռուստաընկերության, տարաձայնության պատճառ կարող էր դառնալ պաշտպանության ռազմավարությունը ընտրությունների կեղծված լինելու և ոչ թե նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո իմպիչմենթ հայտարարելու օրինականության վրա կենտրանացնելու Թրամփի ցանկությունը:









































