Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. ձմեռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ներառվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում:
Հիշեցնենք՝ նիստի ընթացքում հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման մասին հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել: Փոխարենը Վեհաժողովի պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին: Ի դեպ, Հայաստանի պատվիրակության անդամներից միայն «Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներն են մասնակցում նստաշրջանին։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը չեն մեկնել։
ՄԱՀՀԻ հիմնադիր, Հանրային խորհրդի նախագահը, բարձրաձայնելով խնդիրը, նշում է. «ԵԽԽՎ-ում ո՛չ պատերազմի օրոք, ո՛չ դրանից հետո մի արտահերթ նիստ էլ չկարողացաք պահանջել։ Պատմությունը դեռ այսպիսի պատերազմ չգիտի, որին միջազգային կառույցներն անդրադարձած չլինեն։ Խոսքը վերաբերում է ողջ պատվիրակությանը։ Ինչ մնաց՝ գերիների հարց քննարկվի… Միտինգ արեք… անպատկերացնելի բան է, որ ԵԽԽՎ զեկույց չկա, բանաձև չկա… ասես պատերազմ չի եղել… լավ, ինչո՞վ են զբաղված եղել ու մնում»։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այստեղ կա թե՛ աշխատանքի թերացում մեր պատվիրակության կողմից և թե՛ նաև երկրորդ հանգամանքը՝ Եվրոպան այս պահին առաջնահերթություն չի համարում իր համար հեռավոր Հայաստանում «ինչ-որ ռազմագերիների» հարց լուծելու վրա ժամանակ ծախսելը: «Կա նաև երրորդ հանգամանքը. այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն՝ իր նախագահությամբ, այդ օրակարգի ձևավորմամբ, բավականին անդյուրաշարժ բյուրոկրատական կառույց է և միայն բացառիկ դեպքերում է իրեն թույլ տալիս դուրս գալ իր համար սովորական ու կոմֆորտային ուղեծրից։ Այնպես որ, մենք գործ ունենք այս երեք գործոնների համակցության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեհրաբյանի խոսքով՝ եթե մենք ունենք պատվիրակություն ինչ-որ միջազգային հարթակում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում, բնական է ակնկալել, որ մեր շահերից ու հրատապ առաջնահերթություններից բխող հարցերը պետք է դառնան օրակարգային. «Բայց նաև ամեն ինչ չէ, որ ստացվում է՝ տարբեր պատճառներով»։
Գերիների վերադարձի հարցում Հայաստանը կարո՞ղ է իր հույսը դնել մարդասեր Եվրոպայի վրա՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Այդ հարցը չունի միանշանակ պատասխան։ Եթե աշխատենք՝ կարող ենք ակնկալիք ունենալ, իսկ եթե չաշխատենք՝ էլ ի՞նչ ակնկալիք։ Այդ իմաստով ես չափազանց կարևորում եմ նաև մեր աշխատանքը եվրոպական առաջատար երկրների կառավարությունների հետ։ Մեր արտգործնախարարության, մեր դեսպանատների, մեր հասարակական կազմակերպությունների, սփյուռքյան կառույցների աշխատանքը ես չափազանց կարևոր եմ համարում։ Այսինքն՝ արդյունքը, որ մենք կարող ենք ցանկալի համարել, բոլոր նշածս սուբյեկտների միասնական ջանքերի միավորմամբ կարող է լինել»։
Մեհրաբյանը այս հարցում մեծապես կարևորում է նաև մամուլի աշխատանքը: «Նայեք՝ մեր մամուլն ինչ վիճակում է։ Հիմնական «մտահոգության» առարկան արևելյան բազարի բամբասանքները ծամծմելն ու որոճալն է։ Որևէ գաղափար, որևէ օրակարգ, որևէ քաղաքական առաջնահերթություն այստեղ չկա»,- եզրափակեց նա։









































