Թագաժառանգ Ուիլյամի կինը՝ Քեթրին Միդլթոնը, անցել է բրիտանական հատուկ ծառայության SAS հատուկ դասընթացները, որը սովորեցնում է, թե ինչպես վարվել առևանգման ժամանակ և այլ էքստրեմալ իրավիճակումներում: Այս մասին հայտնում է The Evening Standard թերթը:
Երբ Միդլթոնը ամուսնացել է բրիտանական գահի հավակնորդների շարքում երկրորդ տեղը զբաղեցնող Ուիլյամի հետ, նրա անվտագությունն ապահովելու հարց է առաջացել: Այդ իսկ պատճառով 29-ամյա դքսուհին անցել է անձնական պաշտպանության դասընթացներ: Այս դասընթացներն անցնում են թագավորական ընտանիքի անդամները, հայտնի քաղաքական գործիչները և այլ VIP մարդիկ, որոնք կարող են գերի ընկնել:
Նմանատիպ պատրաստություն ժամանակին անցել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և թագաժառանգ Չարլզը: Թագաժառանգ Ուիլյամն այդ դասընթացներն անցել է 16 տարեկանում, որի ժամանակ նրան սովորեցրել են օգտվել մարտական զենքից:
Իսկ երբ հատուկջոկատայինները դասըթացներ էին անցկացնում Դիանայի հետ, նրա մազերը լուսային նռնակից հանկարծակի վառվել են: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Քեյթ Միդլթոնը հիմա նույնպես «լավ պատրաստված է և գիտի, թե ինչպես վարվել այն ժամանակ, երբ տեղի ունենան անկանխատեսելի իրադարձություններ:»








































