Եվրամիությունը պատրաստ է գործընկեր երկրների հետ կիսել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը: Այս մասին առցանց գագաթնաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Ընդ որում, նա շեշտել է, որ պատվաստանյութի դեղաչափերի քանակը կլինի սահմանափակ:
«Եվրոպական մեխանիզմի ստեղծումը թույլ կտա ԵՄ կողմից նախապես պատվիրված պատվաստանյութերի մի մասը հատկացնել գործընկեր պետություններին… Մի կողմից, ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է COVAX հիմնադրամին, որը ստեղծվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութերով ապահովելու համար… Իսկ ԵՄ մեխանիզմն անդամ երկրներին թույլ կտա նրանց կողմից պատվիրված պատվաստանյութի դեղաչափերի մի մասը նվիրաբերել գործընկեր երկրներին»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ հավելելով, որ նման գործընկերներ են հանդիսանում, օրինակ, Արևմտյան Բալկանների պետությունները: