Վարչական դատարանը երեկ բավարարել է նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը: Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը, որոնց համաձայն Ջհանգիրյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և զրկվել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանից:
Դատարանում Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան, փաստաբան Դիանա Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն իրենց ամբողջությամբ բավարարում է, իրենց բոլոր պահանջները բավարարվել են: Դատարանի որոշումը ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը եղել են անհիմն, ապօրինի: Հետևաբար` այդ մասով հրամանը ճանաչվում է առ ոչինչ, իսկ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանը վերականգնվում է: «Հրամանագրերը անվավեր են ճանաչվել և դա նշանակում է, որ նման հրամանագրեր հիմա առհասարակ գոյություն չունեն: Դրանք այլևս անվավեր են: Հրամանագրերը անհիմն են եղել, կայացվել են օրենսդրության պահանջների խախտմամբ: Դատարանը դատավճռում նաև հստակ նշել է, որ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի պահանջների չպահպանմամբ են կիրառվել հրամանները: Մասնավորապես, գործի քննությունը չավարտված են հրամանագրերը կայացվել, իսկ Գագիկ Ջհանգիրյանը զրկված է եղել կարգապահական վարույթի ընթացքում բացատրություն տալու, լսված լինելու իրավունքից: Դատարանը հստակ ամրագրել է, որ հրամանագրերը կայացվել են օրենքի պահանջների խախտմամբ, և Ջհանգիրյանը զրկված է եղել լսված լինելու իրավունքից»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանի որոշումից հետո Ջհանգիրյանի դասային որոշումը շարունակում է առկա լինել:
Ինչ վերաբերում է դատարանի վճռի ֆինանսական կողմին, ապա մենք արդեն գրել էինք, որ Գագիկ Ջհանգիրյանը դատարանում հայտարարել էր, որ հրաժարվում է բոլոր տեսակի ֆինանսական պահանջներից: Փաստաբանը ևս հաստատեց, որ Ջհանգիրյանը հրաժարվել է իրեն հասանելիք գումարներից և դատարանից խնդրել է՝ հետպատերազմական այս իրավիճակից ելնելով, որևէ ֆինանսական հարցի չանդրադառնալ, քանի որ չի կարող այս պայամններում թույլ տալ իրեն պետությունից վերցնել իրեն հասանելիք գումարները: «Հետևաբար` դատարանը այս մասով որևէ անդրադարձ չի կատարել»,-ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանն աշխատանքից ազատվել և դասային աստիճանից զրկվել էր 2008թ. փետրվարի 23-ին, այն բանից հետո, երբ մասնակցել էր ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքին և ելույթ ունեցել: Այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանին՝ նշելով, թե իբր Ջհանգիրյանը «կոպտորեն խախտել էր» «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Ջհանգիրյանը հանրահավաքին ելույթ ունենալուց հետո, նույն օրը երեկոյան նաև ձերբակալվել էր, ապա ավելի ուշ՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Սակայն 2019 թ. վճռաբեկ բողոքի հիման վրա Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել էր և ճանաչվել անմեղ: Իսկ 2020թ. հոկտեմբերին ՄԻԵԴ-ը Ջհանգիրյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ 2008թ. նրա նկատմամբ եղել են կոնվենցիոն խախտումներ:









































