ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021-ին ներդնելու է ողջ ներուժը՝ ստվերային տնտեսությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Ընթացիկ հարկային տարին ՊԵԿ-ը հայտարարում է ստվերի դեմ կրճատման տարի: Եվ մենք ներդնելու ենք մեր ամբողջ ներուժը ստվերային տնտեսությունը կրճատելու և մինիմումի հասցնելու ուղղությամբ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա կոչ արեց, հորդորեց տնտեսավարողներին, որ կամավոր բռնեն կարգապահ հարկ վճարողի ուղին և հարկերը հաշվարկեն ու վճարեն օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ի վարչարարությունը լինելու է հասցեական և ըստ թիրախների: «Պետք է ժամանակին դրսևորել օրինապահ վարքագիծ և հետո չբողոքել տուգանքներից և ավելորդ հարկային պարտավորություններից»,-նշեց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը տարվա ընթացքում շարունակելու է բարեփոխումները: Կոմիտեն արդեն շրջանառել է նախագիծ՝ ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման ավելի կարճ ժամանակահատված սահմանելով: Ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերվող ապրանքների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները տնտեսավարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, վերադարձի համար ժամանակաշրջան է սահմանված եռամսյակը: Ներկայումս շրջանառվող նախագծով ՊԵԿ-ը նախատեսում է այդ գումարները վերադարձնել ամսական կտրվածքով: «Կարծում ենք, որ սա շատ դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար՝ իրենց ապրանքաշրջանառությունը, լիկվիդայնությունն ապահովելու և ավելի ճկուն, ավելի բարենպաստ միջավայրում գործելու հարցում»,-ասաց Հովհաննիսյանը:









































