Xiaomi-ն, որը Չինաստանում սմարթֆոններ արտադրող խոշորագույն ընկերություններից է, հերքում է ՉԺՀ-ի ռազմական ոլորտի հետ ունեցած կապը և հավաստիացնում է, որ քայլեր կձեռնարկի իր բաժնետերերի շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների: Այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:
«Ընկերությունն անփոփոխ կերպով իրականացնում է իր գործունեությունը՝ օրենքին և սահմանված կանոններին համապատասխան, ինչպես նաև հարգում է համապատասխան օրենքներն ու նորմերը, որտեղ իրականացնում է այդ գործունեությունը: Ընկերության ծառայություններն ու ապրանքներն օգտագործվում են քաղաքացիական և առևտրային ասպարեզներում:
Ընկերությունը հաստատում է, որ չի պատկանում, չի վերահսկվում կամ կապված չէ ռազմական ոլորտի հետ, և չի հանդիսանում չինական ռազմական ընկերություն, որի վրա տարածվում է ԱՄՆ ազգային անվտանգության մասին օրենքի գործողությունը: Ընկերությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի իր և իր բաժնետերերի շահերը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարությունում:
Հինգշաբթի օրը Պենտագոնի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդլայնել է ԱՄՆ-ում գործող չինական ընկերությունների ցանկը, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են ՉԺՀ-ի ռազմական արդյունաբերության հետ: Ցանկին ավելացվել է ևս ինը իրավաբանական անձ, այդ թվում՝ Xiaomi-ն:








































