Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ահագնացող արտագաղթին՝ նկատեց.
«Արտագաղթի ահագնացող չափերը, բնակչության քանակային պակասը կբերի նրան, որ Հայաստանը չի ունենա բավականաչափ մարդկային ռեսուրս երկրի ներսում զարգացման միտումներ ձևավորելու համար, Հայաստանը կդառնա, իսկ ավելի ճիշտ՝ արդեն դարձել է Ռուսաստանից գաղութային կախվածության մեջ գտնվող երկիր»։
Պատմաբան-ազգագրագետի խոսքով՝ բնակչության արտագաղթի իրական հիմքը ռեալիզացվելու հնարավորություն չգտնելն է։
«Արտագաղթի իրական հիմքը բնակչության հիմնական մասի՝ երկրում ռեալիզացվելու հնարավորություն չգտնելն է, և մարդիկ գնում են ուրիշ երկրներում ռեալիզացվելու՝ կախված իրենց մասնագիտական որակավորման աստիճանից։ Որպես կանոն, մեր երկրից որակյալ մասնագետները արտագաղթում են արևմտյան երկրներ՝ Եվրոպա, ԱՄՆ և Կանադա, իսկ արհեստավոր-գործնական մասը՝ հիմնականում ՌԴ»,- ասաց Ա. Թադևոսյանը։









































