«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկվար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը։
–Պարոն Բաբաջանյան, վարչապետը շարունակում է հանդիպել այն արտախորհրդարանական ուժերի հետ, ովքեր պատրաստ են քննարկել արտահերթ ընտրության հնարավորությունը։ Եթե այնուամենայնիվ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ լինի արտահերթին, ինչ է լինելու այդ դեպքում։
-Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրության մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ երկիրն իսկապես պատրաստ կլինի ընտրության։ Քաղաքական ուժերի ներկա դասավորությունը կարող է շատ վտանգավոր ելք ապահովել ընտրություններում։ Ընտրությունները կարող են ազդարարվել գարնանը, ամռանը, բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ քաղաքական առողջ ուժերի շրջանում այս պահին ընտրության գնալու մարզավիճակ չկա։ Հեղափոխությունից հետո շատ քաղաքական ուժեր թուլացրել էին իրենց ակտիվ գործունեության տեմպը, շատերը մտածում էին հերթական ընտրությունների մասին, որոնք պետք է տեղի ունենային 2023 թվականին միայն։ Հիմա իրական քաղաքական ուժերի համար դժվարագույն ժամանակներ են՝ գաղափարական, նյութական իմաստով շատերը անպատրաստ են սրընթաց զարգացումներին։ Ինչ է պետք անել ըստ իս՝ անկախ քաղաքական ուժերի արտահերթ ընտրություն անցկացնելու ցանկությունից պետք է անհապաղ ձեռնամուխ լինել մի քանի առանցքային բարեփոխումների անցկացման, որոնք երկիրը կպատրաստեն ընտրության: Իմ առաջարկած ծրագրի նպատակն է առաջիկա վեց ամիսների ընթացքում համալիր գործողությունների կիրառման միջոցով ապահովել իրավական համակարգի որոշակի կայունացում, ապակայունացնող տարրերի և մղումների սառեցում, այդ բլոկի դերակատարների սթափեցում, ժողովրդի սպասումների տեսանելիության և առավել բարձր որոշակիության ապահովում։ Որպես արդյունք ակնկալվում է հասնել ընտրական գործընթացների համար առավել բարենպաստ և հարաբերականորեն կայուն իրավիճակի։
-Մասնավորապես ինչ է ենթադրում այդ ծրագիրը, ինչ քայլեր պետք է անել։
-Ծրագրի միջոցներն են օրենսդրության այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք հնարավորություն կընձեռեն փոփոխված իրավիճակում ժողովրդավարության բարձր ստանդարտներին համապատասխան ընտրական իրավունքի իրականացմամբ ձևավորել իշխանություն, այդ թվում` արտահերթ ընտրական գործընթացների պարագայում։
Այս նպատակի իրագործումը պետք է ապահովի ինքնիշխանության ժողովրդավարական բաղադրիչը, որոշումների կայացման հնարավոր առավելագույն ինքնուրույնություն:
Դրանք են
․ՀՀ Սահամանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների և հիմնական իրավունքների երաշխավորման նպատակով․
ժողովրդավարական ինստիտուտների և ժողովրդավարության՝ իրականացման հնարավորության բարձր ստանդարտներին համահունչ օրենսդրական կարգավորումներ։
Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքների իրագործում, որոնք կապահովեն բարձր ներառականություն և մասնակցայնություն և քաղաքական համաձայնության բարձր մակարդակ։
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ․
ՀՀ Սահամանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ և 81-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների և հիմնական իրավունքների երաշխավորման նպատակով․
- դատական իշխանության առողջացման համար անհրաժեշտ և բավարար օրենսդրական հիմքերի և կառուցակարգերի ամրագրում / երաշխավորում օրենսդրական մակարդակում։
- Բարեվարքության բարձր ստանդարտներից շեղմամբ արատավորված դատավորներից դատական իշխանության զտում իրականացնելու օրենսդրական անհրաժեշտ և բավարար երաշխիքների ապահովում։
- Կոռուպցիոն գործունեությամբ կամ այդպիսի հիմնավոր կասկածով արատավորված դատավորներից դատական իշխանության զտում իրականացնելու օրենսդրական անհրաժեշտ և բավարար երաշխիքների ապահովում։
- ՀՀ –ում մարդու հիմնական իրավունքների և ազատություների խախտումների հանգեցրած դատական ակտերի հեղինակմամբ արատավորված դատավորներից դատական իշխանության զտում իրականացնելու օրենսդրական անհրաժեշտ և բավարար երաշխիքների ապահովում։
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ․
- Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ բաղադրիչների և ինստիտուտների օրենսդրական փոփոխություններ։
- Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման այնպիսի ստանդարտների նախատեսում, որն առավել կհամաբատասխանի այն անցումային ժամանակահատվածին, որում գտնվում է ՀՀ-ն և որը կապահովի առավել բարձր արդյունավետությունն ու անկախությունը:
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով օրենսդրական անհրաժեշտ և բավարար երաշխիքների ապահովում։
Սրանք ոչ ամբողջական այն նվազագույն պարտադիր հիմնարար փոփոխություններն են, որոնց իրագործումը կարող է էապես փոխել ներքաղաքական իրավիճակը և արտահերթ ընտրությունների գնալու՝ իշխանության մտադրության նկատմամբ վերաբերմունքը։ Առանց այս հիմնարար փոփոխությունների արտահերթ ընտրության ոչ միայն չի կարելի գնալ, այլև վտանգավոր է գնալ։









































