Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, այդ թվում`գազի գնումների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը՝ ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո:
«ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ նոր հավակնոտ և համապարփակ համագործակցության պայմանագիր կնքել` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա: Սա կնպաստի Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մեր առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի մեր գործընկերության առավել լայն ձևով զարգացմանը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել և ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումը`ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ»», – հայտարարել է Բորելը:
Իր հերթին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին ընդգծել է Եվրամիության հետաքրքրվածությունը Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացման հարցում: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Բրյուսելը նախատեսում է մինչև տարեվերջ Ադրբեջանից ստանալ գազի առաջին մատակարարումը Հարավային գազային միջանցքով։