Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և նրա գլխավորած պատվիրակության հետ, քննարկելով հայ-ամերիկյան տնտեսական հեռանկարներ: Քերոբյանը խոսել է այդ հարաբերության հեռանկարների, ինտենսիվացման մասին: Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն տնտեսական առումով, նկատի ունենալով, իհարկե, հանգամանքը, որ խոսքը համաշխարհային տնտեսության ավելի քան 1/3-ի հասնող տնտեսությամբ երկրի մասին է: Խոսքն, ի վերջո, նաև թիվ մեկ գերտերության, հետևաբար՝ դրա համաշխարհային տնտեսական և ռազմա-քաղաքական ազդեցության մասին է, ինչը բարդագույն ռեգիոնում և ծանր մարտահրավերներ ունեցող պետության համար դառնում է արտաքին քաղաքական և անվտանգային առաջնահերթություն:
Այդ իմաստով, հայ-ամերիկյան հարաբերությունը, թերևս, իր նշանակությունն ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմի զսպման հարցում, որտեղ ՌԴ դերից բացի, էական էր նաև Վաշինգտոնի դերակատարումը: Իսկ այդտեղ, թերևս, էական էր այն, որ պաշտոնական Երևանն այդ շրջանում վարում էր ամերիկյան ուղղությամբ բավականին պրոակտիվ քաղաքականություն, որի շրջանակում, ի դեպ, 2015 թվականի մայիսին ստորագրվեց նաև ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրը՝ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում: Հետհեղափոխական շրջանում արդեն հայ-ամերիկյան փոխհարաբերությունը հայտնվեց սառը փուլում, որտեղ գուցե կար թե՛ Հայաստանում նոր և միջազգային հարաբերություններում անփորձ իշխանության հանգամանքը, թե՛ նաև ԱՄՆ թրամփյան վարչակազմի հանգամանքը, որը արտաքին միջավայրին մոտենում էր ավելի շուտ բիզնես պրագմատիզմի, քան գերտերության միջազգային պատասխանատվության պրիզմայով: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ կովկասյան անվտանգության համակարգում ձևավորվեց մեզ համար ողբերգական վակուում, որը լցվեց թուրքական «Բայրաքթարներով» և իսրայելական «Լորաներով», իսկ հետո լցվեց ռուս-թուրքական պայմանավորվածությամբ:
Այդ իմաստով, հայ-ամերիկյան հարաբերության սառը շրջանը ունեցավ ճակատագրական նշանակություն: Սակայն մարտահրավերները ոչ միայն ավարտված չեն, այլ դրանք ստանում են նոր բնույթ, ըստ այդմ՝ հայ-ամերիկյան տնտեսական գործակցությունն իր հերթին պահպանում է իր թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-քաղաքական հրամայականությունը: Ամբողջ հարցն այն է, թե այստեղ ունենալով ինտենսիվության հույս, ինչ առարկայական մտքեր, գաղափարներ և նախաձեռնություններ ունի Հայաստանը, որը կարող է բերել հնարավորինս արագ էֆեկտի: Մի բան հստակ է, որ Հայաստանը չունի ժամանակ, բոլոր առումներով: Իսկ այդ տեսանկյունից առաջնային է պատերազմի հետևանքով կորսված ինքնիշխանության կարողության հնարավորինս արագ և լայն վերականգնումը: Հայաստանը հայտնվել է Ռուսաստանից ճնշող կախվածության մեջ: Այդ օբյեկտիվ իրողությունը չնկատելը կամ դրա հետ խաղալը այս փուլում կնշանակի ուղղակի արկածախնդրություն: Մյուս կողմից, Ռուսաստանի հետ ինտենսիվ, փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքի և գործընկերության կողքին, Հայաստանն ունի կարիք վերականգնել այլ ուղղություններով հնարավորություններ, վերականգնել պետական իրողությունների և քաղաքականության դիվերսիֆիկացվածությունը առնվազն նախապատերազմական մակարդակի, իսկ հետո փորձել ընդլայնել դիվերսիֆիկացվածության աստիճանը քայլ առ քայլ:
Այստեղ հույժ կարևոր է ներդրումային հոսքերի բազմազանությունը: Ասել կուզի, տվյալ պարագայում կարևոր է ոչ միայն ամերիկյան ուղղությունը, այլ հնարավոր բոլոր ուղղությունները՝ որտեղից կա ներդրումային հետաքրքրություն առաջացնելու տարբերակ՝ Եվրոպայից մինչև Չինաստան, Ամերիկայից մինչև արաբական աշխարհ, անշուշտ չմոռանալով «հայկական աշխարհի» առաջնայնության մասին: Ի վերջո, ինչպես նկատել էր դեռևս տարիներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, եթե Հայաստանում ներդրում չեն անում ամերիկահայերը, ապա շատ դժվար է ներդրումային հարցերում համոզել ամերիկացի գործարարներին:









































