Հյուսիսային Կորեան կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութ է գնել, ինչպես նաև չինական ջերմագրերը: Այս մասին հայտնում է ճապոնական Asahi թերթը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի հետախուզության և Չինաստանի արտաքին առևտրի շրջանակների աղբյուրները:
Թե պատվաստանյութի ինչ քանակություն է ձեռք բերվել, չի նշվում: Սակայն հայտնի է, որ ԿԺԴՀ-ն սկսել է պատվաստել պետական պաշտոնյաներին և պաշտոնատար անձանց: Պարբերականի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի պատվաստվի, քանի դեռ չի համոզվել պատվաստանյութի անվտանգության մեջ:
Նշվում է նաև, որ Չինաստանում գնված ջերմագրերը կտեղադրվեն Չինաստանի հետ սահմանի անցակետերում: Հոդվածի հեղինակը ենթադրում է, որ այժմ Հյուսիսային Կորեան մտածում է արտաքին տնտեսական հարաբերությունների աստիճանական վերականգնման մասին. Հյուսիսային Կորեայի արտաքին առևտրի 98% -ը Չինաստանի հետ է:







































