Արևմտյան Եվրոպայում ապրող տղամարդկանց մոտ կեսը համարվում են եգիպտացի փարավոնների ժառանգները, և մասնավորապես՝ Թութանհամոնի բարեկամները: iGENEA գենետիկ ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետների հետազոտության մասին է գրում Reuters գործակալությունը:
Կենսաբանները, վերլուծելով Թութանհամոնի մումիայից վերցված նմուշներից ստացված ԴՆԹ-ն, նկատել են, որ Թութանհամոնը պատկանում է Y քրոմոսոմի R1b հապլոխմբի R1b1a2 հապլոտիպին։ Նշենք, որ R1b հապլոխումբը Եվրոպայում ամենահաճախակի խումբն է, իսկ R1b1a2 հապլոտիպը ամենալայն սփռում ունեցողը՝ տարածված Արևմտյան Եվրոպայի տղամարդ բնակչության մոտ կեսի մոտ։ Որոշ երկրներում Թութանհամոնի «հեռու բարեկամների» թիվը հասնում է 70%-ի: Ֆրանսիայում այդ թիվը կազմում է 60%, Իսպանիայում` 70%:
Հետաքրքիր է, որ ժամանակակից եգիպտացիների տղամարդկանց (որոնք սերում են արաբներից, այլ ոչ՝ հին եգիպտացիներից) միայն 1%-ն է նման հեռավոր ազգակցական կապերի մեջ Թութանհամոնի հետ:
Նշվում է, որ Թութանհամոնի և Արևմտյան Եվրոպայի ընդհանուր նախնին ապրել է Կովկասում 9.5 հազար տարի առաջ: Այս հապլոխմբի միգրացիան դեպի Եվրոպա սկսվել է մոտ 7 հազար տարի առաջ:
Հայերի շրջանում R1b հապլոխմբի ներկայացուցիչներ հանդիպում են արական բնակչության մոտ 30%-ի մոտ։









































