Երեկ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ֆրանսիան և Գերմանիան պատրաստվում են համատեղ նավատորմ ստեղծել: The Financial Times հեղինակավոր պարբերականը մանրամասնել է թեման: Թերթը գրում է, որ Ֆրանսիան և Գերմանիան այդ նպատակն իրագործելու համար պատրաստվում են համատեղ ռազմա-ծովային կոնսորցիում ստեղծել:
Նշվում է, որ նոր կոնսորցիումի կառավարմամբ կզբաղվեն ֆրանսիական ռազմանավաշինական DCNS և գերմանական ThyssenKrupp ընկերությունները, ինչպես նաև երկու երկրների կառավարությունները: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս հարցը նախկինում բազմիցս բարձրացրել է: Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Գերմանիան, հիշելով եվրոպական աերոտիեզերագնացային EADS կոնցերնի հետ եղած խնդիրները, չէր շտապում նմանատիպ ընկերություն ստեղծել ռազմածովային ոլորտում:
Հայտնի է դարձել նաև, որ գերմանական կողմը համաձայնել է Ֆրանսիայի առաջարկներին այն բանից հետո, երբ ThyssenKrupp ընկերության բանակցություններն արաբական ներդրողների հետ անհաջողությամբ են պսակվել:









































