Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ասաց, որ այսօր աննախադեպ բան է տեղի ունեցել. «Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո հայրապետը միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչին: Ինձ համար տարօրինակը հոգևոր առաջնորդների կողմից հրաժարականի կոչ անելու համար ընտրված օրն է, երբ հրապարակի ուժերը հրաժարականի վերջնագիր ներկայացրին վարչապետին»:
Պատգամավորի խոսքով` նրանք որոշեցին իրենց պահանջը միացնել հրաժարականի պահանջ ներկայացրած քաղաքական ուժերին` ավելի սրելով իրավիճակը, դույզն-ինչ չմտածելով դրա հետևանքների մասին. «Հայրապետները պետք է ոչ թե միանային հրաժարական պահանջողներին կամ դրա հակառակորդներին, այլ հաշտության և համերաշխության օրակարգ պիտի բերեին հրապարակ: Եկեղեցին իր դրոշը պետք է բարձրացներ` պահանջելով վայր իջեցնել բոլոր կուսակցությունների դրոշները»:
Բաբաջանյանը նշեց, որ Եկեղեցին Հոկտեմբերի 27-ից հետո, Մարտի 1-ից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց. «Ավելին. կանգնեց մեր պետականության ողնաշարը ջարդող պետական այրերի կողքին»:
Պատգամավորը համարում է, որ իշխանությունը անկասկած պետք է հրաժարական տա, սակայն ընտրություններից առաջ նա կարևորում է մի քանի հիմնարար բարեփոխումներ. «Հրապարակի ուժերի իրական թեկնածուն չի կարող օրինական ճանապարհով իշխանության գալ: Նրա մեկ անգամ փորձված հույսը հեղաշրջումն է: Այս խորհրդարանն ընտրած քաղաքացիները որևէ ուժի մանդատ չեն տվել Վազգեն Մանուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար: Այս խորհրդարանի առաջ նման պահանջ ներկայացնելը ևս հավասարազոր է հեղաշրջման»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































