Իրանի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել մահվան դատավճիռը, որ կայացվել է Amad News լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամի նկատմամբ, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության մեջ: Դեկտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է ատյանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Երկրի Գերագույն դատարանն ուսումնասիրել է գործը եւ հաստատել դատավճիռը (պատժի առավելագույն չափը)»,- հայտնել է նա: 2019 թվականի հոկտեմբերի 14-ին IRNA գործակալությունը հրապարակել է տեղեկատվություն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) ուժերի կողմից Զամի ձերբակալման մասին:
Նա մեղադրվում է հակակառավարական գործունեության եւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզությունների հետ համագործակցության մեջ:
Ավելի ուշ Իրանի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են տեսագրություն, որի կադրերում պատկերված է Amad News-ի ղեկավարը կալանավորվելուց հետո: Զամը հայտնի է որպես իրանցի լրագրող եւ ակտիվիստ, որն իր գործունեությունն իրականացրել է արտասահմանից: Նրա մշտական բնակության վայր էր համարվում Ֆրանսիան: Զամն առանձնապես ակտիվորեն է զբաղվել 2017-2018 թվականներին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:










































