Օրերս «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ նոյեմբերի 18-ին վարչական դատարանում կայացվել է մի վճիռ, որով ապօրինի և անվավեր է ճանաչվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 31.08.2018 թվականի թիվ 2824-Ա հրամանը, որի արդյունքում պաշտոնից ապօրինի կերպով ազատվել է և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բարձր պաշտոն զբաղեցնող, ոստիկանության գնդապետ Գրիգոր Ալբերտի Նիկողոսյանը։ Օսիպյանի անհիմն և ապօրինի հրամանի արդյունքում պետությանը պատճառվել էր նաև 7 միլիոնից ավել վնաս։ Դատարանը բացի այն, որ Օսիպյանի հրամանը ճանաչել է անվավեր, նաև 7 միլիոնից ավել պարապուրդի գումար է նախատեսել, 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր, ինչպես նաև 2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի նոյեմբերի 6 ընկած ժամանակահատվածի համար։ Գումարը պետք է բռնագանձվի ՀՀ ոստիկանությունից։
Մեզ չհաջողվեց կապվել Նիկողոսյանի փաստաբանի հետ, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ վարչական դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Նիկողոսյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի Վալերիյ Օսիպյանի արարքին քաղաքացիաիրավականից բացի նաև քրեաիրավական գնահատական տրվի, քանի որ նախկին ոստիկանապետի արարքում առկա է նաև պաշտոնական դիրքի չարաշահման հանցագործության հատկանիշներ։
Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ նշանակվեց հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 10-ին: Պաշտոնավարեց մինչև 2019 թվականի սեպտեմբերի 18-ը և ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Դրանից հետո, ըստ մամուլի հրապարակումների, Վալերիյ Օսիպյանը մեկնել էր Մոսկվա և աշխատանքի էր անցել իր հովանավոր, գործարար Արմեն Գինոսյանի՝ Մանախի Արմենի մոտ, որպես «ախրանիկ»։ Վերջերս նա վերադարձել է Հայաստան և ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ լրագրողների հետ զրույցում պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանը իրեն անօրինական հրամաններ է տվել և ինքը չի կատարել։ «Ես ապօրինի հրաման ստացել եմ, բայց չեմ կատարել»,-բառացիորեն ասել էր նա։
Վերը նշված դատական վճիռը, կարծես թե, ճիշտ հակառակի մասին է խոսում։ Օսիպյանը նաև սեփական նախաձեռնությամբ է ապօրինի և անհիմն վճիռներ կայացրել։










































