Թուրքիան ՌԴ-ին վճարել է բոլոր միջոցները C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման դիմաց, պարտավորագիրը փակվել է: Այդ մասին հաղորդել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Մենք ամբողջությամբ կատարել ենք պարտավորագիրը, այն փակվել է, իսկ դա նշանակում է, որ մենք բեռնառաքել ենք եւ ստացել բոլոր միջոցները»,- Չեմեզովը հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին:
Նա հայտարարել է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան: «Այդ պարտավորագիրը բացառիկ էր, որովհետեւ այն իրականացվել է ՆԱՏՕ-ի երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում նաեւ այլ տեխնիկայի շուրջ, հեռանկարներ կան»,- ասել է Չեմեզովը: «Ռոստեխ»-ի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-ն առաջվա պես Անկարայից որոշումների է սպասում C-400-ի երկրորդ խմբաքանակի գնման վերաբերյալ: «Այժմ գնդակը Թուրքիայի կողմում է. որոշումների ենք սպասում մեր գործընկերներից: «ՌոսօբորոնԷքսպորտը» գտնվում է թուրքական կողմի հետ մշտական շփման մեջ եւ քննարկում հետագա համագործակցությունը»,- ասել է Չեմեզովը: «Մենք քննարկում ենք նաեւ բաղադրամասերի արտադրության հնարավորությունը, այն, ինչը կարելի է արտադրել նրանց մոտ: Չէ որ «Տրիումֆ» C-400-ը բարդ տեխնիկա Է: Դրա արտադրությունը զրոյից սկսելն անիրական է»,-հավելել է նա:








































