Արման Գրիգորյանի ելույթը այսօր կայացած հանրահավաքում:
Սիրելի հայրենակիցներ,
Թույլ տվեք նորից շնորհավորել ձեզ Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման երրորդ տարեդարձի կապակցությամբ և բոլորիս մաղթել շուտափույթ հաղթանակ:
Այս երեք տարիների ընթացքում մեր քաղաքական դաշտի տարբեր հատվածներից ու տարբեր դիտավորություններով Կոնգրեսին մեղադրել են ամեն հնարավոր մեղքի ու դրա հակառակի մեջ: Մեղադրել են ե՛ւ իշխանությունն ապօրինաբար զավթելու փորձի, ե՛ւ դա անելու հնարավորությունը չօգտագործելու մեջ: Մեղադրել են ե՛ւ արմատականության, ե՛ւ բավարար արմատական չլինելու մեջ: Մեղադրել են հայ-թուրքական հարաբերությունների հարցում իշխանությունների քաղաքականությանն աջակցելու և չաջակցելու մեջ, և այլն: Ավելի քան կանխատեսելի էր, որ Կոնգրեսը նույն կարգի իրարամերժ քննադատությունների թիրախ է դառնալու երկխոսության գործընթացի համատեքստում, ինչին մենք ստիպված չեղանք երկար սպասելու:
Երկխոսության առնչությամբ հիմնական և ամենաչարչրկված մեղադրանքն, իհարկե, բոլորիդ լավ հայտնի` անմաքուր գործարքի մասին մեղադրանքն է: Այդ մեղադրանքին հանգամանալից ու սպառիչ պատասխաններ արդեն տրվել են, և ես դրանց ավելացնելու ոչինչ չունեմ: Բայց կա նաև տրամագծորեն հակադիր մեղադրանքը, որը ես պակաս վտանգավոր չեմ համարում, և որին մենք նույն ուշադրությունը չենք դարձրել: Խոսքն այն մեղադրանքի մասին է, որ Կոնգրեսի նախընտրած երկխոսության մարտավարությունը հիմնված է ինչ որ ուտոպիստական հույսի վրա, քանի որ ընտրություններ կեղծած ու ժողովրդի վրա կրակելու ընդունակությունն ապացուցած իշխանությունը երկխոսությամբ իշխանությունը ժողովրդին չի վերադարձնելու, որ արտահերթ ընտրությունների նրանք չեն համաձայնելու, իսկ եթե համաձայնեն, ապա այդ ընտրությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվելու:
Պետք է խոստովանել, որ այս մեղադրանքը զուրկ չէ որոշակի ինտուիտիվ հմայքից, և հենց դա է պատճառը, որ ես այն հատկապես վտանգավոր եմ համարում: Սակայն պետք է հիասթափեցնեմ այս մեղադրանքի հեղինակներին, որոնց մեջ մտնում են ժողովրդին թևաթափ անելու դիտավորությամբ առաջնորդվող իշխանական խամաճիկները և ինձ համար անհասկանալի մոտիվներ ունեցող որոշ վայ հեղափոխականներ, որովհետև նրանց տրամաբանությունն իրականում այնքան էլ համոզիչ չէ:
Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու, սկսելով այն դիտարկումից. որ երկխոսությունը հայաստանյան նորամուծություն չէ: Գոյություն ունեն բռնապետական ռեժիմների ու մոբիլիզացված հասարակությունների միջև երկխոսությունների և այդ ճանապարհով իշխանությունը ժողովրդին վերադարձնելու բազմաթիվ նախադեպեր: Այդ ճանապարհով էր որ իշխանությունը ժողովրդին վերադարձրին ռազմական խունտաները Չիլիում, Արգենտինայում, Պարագվայում և Հարավային Ամերիկայի մի քանի այլ երկրներում: Երկխոսության արդյունք էր արևելաևրոպական անցումների գերակշիռ մեծամասնությունը, սրանից երկու տասնամյակ առաջ:
Երկխոսության արդյունքում էր, որ ոչ վաղ անցյալում իշխանությունը զիջեց Փերվեզ Մուշարրաֆը՝ Պակիստանը փրկելով վերահաս ապակայունացումից: Իրականում երկխոսության միջոցով իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նախադեպ կա նաև մեր նորագույն պատմության մեջ: Այդ նույն միջոցով էր, որ իշխանությունը ժողովրդին վերադարձրեց Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը` 1990 թ., որի այն ժամանակվա վերնախավն, ի դեպ, պարզվում է` ավելի հայրենասեր էր, քան այսօր իշխանության ղեկին նստած նժդեհական պոռոտախոսները:
Իհարկե, միշտ չէ, որ իշխանությունները երկխոսության ուղին են ընտրում: Երբեմն նրանք դիմադրում են մոբիլիզացված ժողովրդի պահանջներին, և դրա նախադեպերը նույնպես կան: Օրինակ՝ ի տարբերություն մյուս արևելաևրոպական կոմունիստական ռեժիմների, Ռումինիայի ռեժիմը որոշեց դիմադրել: Վերջերս համաժաղովրդական ընդվզումներին որոշեցին դիմադրել նաև Թունիսի ու Եգիպտոսի բռնապետները: Տակավին դիմադրում են Սիրիայի, Լիբիայի, Եմենի ու Բահրեյնի ռեժիմները: Վերջապես, համաժողովրդական ընդվզմանն ուժով դիմադրեց նաև Հայաստանի բռնապետական ռեժիմը` 2008 թվականին:
Բերված օրնակներն անմիջապես երկու հարց են հարուցում: Նախ, ի՞նչն է պատճառը, որ որոշ բռնապետական ռեժիմներ նախընտրում են զիջել իշխանությունն առանց ցնցումների ու արյունահեղության, իսկ մյուսները` ոչ: Ինչու՞, օրինակ, Մուշարաֆը որոշեց ժողովրդական մոբիլիզացիային արձագանքել երկխոսությամբ, իսկ Մուբարաքը` դիմադրությամբ: Երկրորդ` ինչո՞վ բացատրել այն փաստը, որ դիմադրության դեպքում որոշ բռնապետական ռեժիմներ ավելի արագ են փուլ գալիս, ինչպես ասենք` Թունիսի ռեժիմը, իսկ մյուսներին հաջողվում է ավելի երկար դիմադրել, ինչպես դա առայժմ հաջողվում է Սիրիայի, Բահրեյնի, Եմենի, ու Լիբիայի ռեժիմներին:
Պարզվում է, որ երկու հարցերին էլ կարելի է պատասխանել հենվելով նույն գործոնների հետևյալ շարքի վերլուծության վրա` ժողովրդի դժգոհության ու ցասման աստիճան, ռեժիմի ներքին համախմբվածություն, տվյալ երկրում էթնո-դավանաբանական միատարրություն կամ բազմատարրություն, իշխանությունը կորցնելու հեռանկարի վտանգավորության աստիճան և արտաքին աջակցության առկայություն կամ բացակայություն: Ավելացնեմ նաև, որ այս գործոնների մի մասի ուժգնության չափը երբեմն փաստից առաջ տեսանելի չէ: Այսպես` Մուշարրաֆի ու Պինոչետի համար շատ հեշտ էր տեսնել թե՛ իրենց ռեժիմների ներսում առկա ճաքերը, թե՛ Չիլիի ու Պակիստանի ժողովուրդների ցասման աստիճանը, թե՛ արտաքին աջակցության անհետացումը: Որպես հետևանք, նրանք ժամանակին որոշեցին երկխոսության նստել սեղանի շուրջ, ինչը նրանց թույլ տվեց երաշխիքներ ստանալ ընդդիմությունից, ինչն էլ իր հերթին ավելի հարթ ու անցնցում դարձրեց իշխանափոխության գործընթացներն այդ երկրներում: Ի տարբերություն Պինոչետի ու Մուշարաֆի, Մուբարաքը որոշեց դիմադրել, որովհետև նրա համար իսկապես շատ դժվար էր պատկերացնել, որ Եգիպտոսի մինչ այդ հլու ժողովուրդն այդքան համառ կգտնվի, և որ բանակն ու ամերիկացիներն իրենից երես կթեքեն: Դիմադրելուց հետո էլ երաշխիքներ շուրջ բանակցելն անհնար դարձավ, ու այսօր Մուբարաքը դատարանի առջև է կանգնած:
Ինչ վերաբերում է այսօր ժողովրդական ճնշումներին տակավին հաջողությամբ դիմադրող ռեժիմներին, ապա դրանք տեղի են ունենում երկրներում, որտեղ իշխանությունները կրոնական կամ էթնիկական փոքրամասնությունների տեսքով բավականին լուրջ աջակցություն ունեն, ինչպես Սիրիայում ու Բահրեյնում, կամ երկրներում, որտեղ ռեժիմները հզոր արտաքին աջակցություն ունեն, ինչպես նույն Բահրեյնում ու Եմենում:
Իսկ հիմա ամենակարևոր հարցը` ի՞նչ կարող ենք եզրակացնել, եթե այս գործոնները պրոեկտենք Հայաստանի քաղաքական իրականության վրա: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ժողովրդի դժգոհությունն ընդհուպ մոտեցել է շատ վտանգավոր սահմանի, ինչը կարող է պայթել եթե մոտ ապագայում արմատական փոփոխություններ տեղի չունենան: Եթե իշխանությունները հույսը դնում են այն բանի վրա, որ մենք հավերժ կզպենք ժողովրդի ցասումը, ապա նրանք պետք է հասկանան, որ դա կարող է մի օր մեր ուժերից վեր լինել, եթե մենք նույնիսկ ուզենանք դա անել: Մի քիչ ավելի պակաս, բայց այնուամենայնիվ տեսանելի է, որ ռեժիմի ներսում գոյություն չունի այն համախմբվածությունը, որ կար 2008 թ.: Սա հոգնած, ուժասպառ և պաշարված ռեժիմ է, որի բոլոր կանխատեսումները, քայլերն ու պլանները ձախողվել են: Համաժողովրդական շարժումը ոչ միայն չմարեց, այլ գնալով ամրացավ ու հզորացավ: Սոցիալ-տնտեսական իրավիճակը ոչ միայն չբարելավվեց, այլև վատթարացավ: Հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն չկարգավորվեցին, այլ այդ կարգավորումն ավելի դժվարացավ վատ հաշվարկված նախաձեռնողականության հետևանքով: Ոչ միայն լուծում չգտնվեց Ղարաբաղյան խնդրին, այլ հայոց բանակի գերագույն գլխավոր հրամանատարը հրապարակայնորեն խոստովանեց, որ երկիրը պատրաստ չէ պատերազմի: Որքան էլ բիրտ ուժ ու ֆինանսական ռեսուրսներ ունենա որևէ բռնապետական ռեժիմ, այն չի կարող երկար իշխել նման հաշվեկշռով, իսկ իմ թվարկած ձախողումներն ընդամենը այսբերգի գագաթն է:
Ակնհայտ է նաև, որ իշխանություններն այլևս չունեն միջազգային հանրության քարտ բլանշն ու աչքերն ամեն ինչի վրա փակելու պատրաստակամությունը, ինչը չափազանց կարևոր գործոն է մեր նման երկրների համար: Վերջապես, նրանք չեն կարող հենվել ինչ որ էթնո-կրոնական փոքրամասնության կույր ու անվերապահ աջակցության վրա, որովհետև Հայաստանի փոքրամասնությունները թվով շատ քիչ են ու քաղաքականապես չեզոք, և որովհետև նրանք մեզանից վախենալու բան չունեն:
Այնպես որ, սիրելի ժողովուրդ, ականջ մի դրեք ո՛չ ձեզ հուսահատեցնողներին, ո՛չ էլ արկածախնդրության հրահրողներին: Ամեն ինչ ընթանում է ճիշտ հունով, ինչի ապացույցն արդեն առկա ձեռքբերումներն են: Ասեմ նաև, որ ես չգիտեմ գոնե մի դեպք, երբ այս հունի մեջ մտած քաղաքական գործընթացը հաջողությամբ տորպեդահարվել է: Ընտրությունները նորից կեղծելու, կամ ժողովրդի դեմ նորից ուժ կիրառելու դեպքում, նրանք ստիպված են լինելու շատ ավելի մեծ ոսկոր կուլ տալ, քան 2008 թ. մարտի 1-ի ոսկորն էր, իսկ նույնիսկ այդ` հարաբերականորեն փոքր ոսկորը նրանք այդպես էլ չկարողացան կուլ տալ: Այդքանը, վստահ եմ, հասկանում են: Մնում է երեք տարի առաջ սկսած գործը առանց մեծ կորուստների ու ցնցումների ավարտին հասցնել, ինչը նոր իմաստ ու հնչեղություն է տալիս մեր շարժման ամենասիրելի կարգախոսին` ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:








































