ԱՄՆ ապագա նախագահ Ջո Բայդենը պատմել է, որ ոտքը վնասել է, երբ իր շան հետ խաղալու ժամանակ փորձել է բռնել նրա պոչից, հաղորդում է CNN-ը:
«Քոթոթը գնդակը գցեց, որպեսզի ես բռնեմ այն: Եվ ահա ես անցնում եմ փոքրիկ միջանցքով, որպեսզի հասնեմ ննջասենյակ, և ես բռնեցի գնդակը այսպես, իսկ նա վազեց: Ես կատակով վազեցի նրա ետևից՝ պոչը բռնելու համար»,- ասել է ԱՄՆ ապագա նախագահը:
«Նա սայթաքեց ուղեգորգի վրա, ես էլ դեմ առա այն գորգին, որի վրա նա սայթաքել էր»,- հավելել է Բայդենը:
Բայդենի առողջության հարցը բազմիցս բարձրացվել է նրա նախընտրական արշավի ընթացքում՝ կապված այն բանի հետ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն 78 տարեկան է: Քաղաքական գործիչն ինքը խոստացել է, որ պետական բարձրագույն պաշտոնում ընտրվելու դեպքում, պարբերաբար զեկուցելու է իր առողջական վիճակի մասին:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել: Պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը դեռ չի ընդունել պարտությունը և վիճարկում է այն մի քանի նահանգների դատարաններում: Այնուամենայնիվ, նա խորհուրդ է տվել իր վարչակազմի անդամներին, որ սկսեն իշխանության փոխանցումը:









































