Ֆրանսիայի իշխանությունները վերջին մեկուկես ամսում երկրից վտարել են 66 օտարերկրացիների այն կասկածանքով, թե նրանք արմատական գաղափարներ են դավանում: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL ռադիոկայանի եթերում:
«Այս պահին 66 մարդ է վտարված Ֆրանսիայից,- ասել է նա:- Եվս շուրջ 50 մարդ գտնվում է վարչական ձերբակալման կենտրոններում՝ սպասելով վտարման»: Ինչպես նշել է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավարը, արտաքսման գործընթացը դժվարացնում է այն փաստը, որ «Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ է օդային հաղորդակցությունը մի շարք երկրների հետ»: Նա նաեւ տեղեկացրել է, որ «այսօր օրվա երկրորդ կեսին կսկսվի 76 մզկիթների նկատմամբ վերահսկողության սահմանման միջոցների իրականացումը, որտեղ, ենթադրաբար, արմատական իսլամիզմի գաղափարներ են քարոզում»: Հոկտեմբերի կեսերին հանրապետության ՆԳՆ-ն հայտնել է, որ իշխանությունները հետեւում են ավելի քան 4 հազար օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատականացման մեջ, եւ պատրաստվում են նրանցից 231-ին վտարելու երկրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: