Tuesday, 23 06 2026
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով

Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակված. Պուտինի «զգուշացումներին» պետք է լուրջ վերաբերվել. Արբակ Խաչատրյան

«Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարումը Հայաստանի համար հավասարազոր կլինի ինքնասպանության»,- նոյեմբերի 17-ին «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՌԴ նախագահի այս «զգուշացմանն» անհրաժեշտ է առավել քան լուրջ վերաբերվել: «Երբ Հայաստանի դարավոր բարեկամ ու ռազմավարական գործընկեր երկրի նախագահը նման հայտարարություն է անում, պետք է հասկանալ, որ Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակված ու լուրջ վտանգներ են կախված, որ ներքաղաքական անցանկալի զարգացումները Հայաստանում կարող են մեծապես վտանգել ու հարցականի տակ դնել երկրի ապագան։ Պետք է լուրջ ընկալենք ու հասկանանք, որ Պուտինն այս կերպ իր սիրելի զինակցին առաջարկում է իր վերջին պայմանը: Վերջին զարգացումներից հետո մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ ցանկացած քայլ կատարելուց առաջ պետք է խորապես գիտակցենք, որ PR-ի ժամանակներն այլևս անցյալում են, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է ձեռնարկվեն միայն ու միայն ճշգրտորեն հաշվարկված ու խիստ կշռադատված քայլեր»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով նաև, որ ի տարբերություն հայաստանաբնակներից շատերի՝ ՌԴ նախագահը ներկա ղեկավարին դեռևս հանդուրժում է Հայաստանի իշխանության ղեկին միայն մի պատճառով. դոմինանտ ներկայացվածությունը տարածաշրջանում, թեկուզ և խաղաղապահների տեսքով, Ռուսաստանին այս պահին օդուջրի պես անհրաժեշտ է:

Մեր զրուցակիցը ստեղծված իրավիճակից դուրս գալու սեփական առաջարկն ունի: Նրա դիտարկմամբ՝ համահայկական մտավոր, ինտելեկտուալ ներուժի համախմբումն ու այդ համահավաք էներգետիկայի՝ հայկական պետականության շահերին ուղղորդումն ու նրան ծառայեցումը կարող են դառնալ երկիրն անցանկալի ցնցումներից ու վայրիվերումներից զերծ պահելու առհավատչյան: Արբակ Խաչատրյանի համոզմամբ՝ քաղաքական ընդդիմության և հանրության մի հատվածի կողմից այս օրերին ներկայացվող ժամանակավոր կառավարություն ստեղծելու, ապա նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձևավորելու պահանջը փակուղային է:

Հայաստանի Հանրապետության վերջին 30 տարվա պատմությունը վերլուծելով՝ Խաչատրյանը եկել է այն համոզման, որ ՀՀ-ի կյանքում խորհրդարանը միանգամայն ավելորդ մարմին է, քանի որ երկրի կառավարման գործում որևէ դրական դերակատարություն չի ունեցել, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը մշտապես ենթարկվել է բացառապես մեկ մարդու՝ երկրի առաջնորդի ցանկությանը, սպասարկել հենց նրա շահերը: Վերլուծաբանի կարծիքով՝ 300-ամյա պատմություն ունեցող խորհրդարանական կառավարման մոդելն է առհասարակ իրեն սպառել, իսկ Հայաստանի նման բռաչափ երկրներում, պատգամավորի կարգավիճակ ունեցողների անձնական հարցերը լուծելուց ու «ազգընտիրների» անհագուրդ ախորժակը բավարարելուց զատ, այն շոշափելի այլ արդյունք չի գրանցել: Արբակ Խաչատրյանը պետության կառավարման առանցքում արդարությունն է տեսնում ու մնում այն կարծիքին, որ հենց այս համատեքստում և այս հիմքով պետք է փոխվեն երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունն ու մնացյալ օրենքները:

«Արդարությունը պետության համար պետք է անկյունաքարային նշանակություն ունենա, իսկ մենեջմենթն ու ուժային ինստիտուտները պետք է գործեն տարանջատ: Երկրի բնականոն զարգացման դիտանկյունից սա խիստ կարևոր պայման է: Անշուշտ, ծանրագույն իրավիճակում հայտնված Հայաստանում անասելի դժվար կլինի այս ամենը պարզորոշ ու դյուրընկալելի լեզվով հասցնել ժողովրդին, մտավորականությանը: Այդ իսկ պատճառով էլ թերևս ավելի ճիշտ կլինի ինստիտուտների վերափոխմանը նախորդող անցումային շրջանում ստեղծել 7-9-ը ներկայացուցչից բաղկացած անցումային խորհուրդ: Այդ խորհուրդը պիտի կազմվի հանգամանքների բերումով տարբեր երկրներում հանգրվանած, աշխարհում շոշափելի վարկ ու կշիռ ունեցող հայերից: Հակառակ պարագայում ստացվում է այնպես, ասես սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին հիշենք միայն գումար խնդրելիս, իսկ կառավարման հարցերում նույն սփյուռքը, չգիտես ինչու, մնում է ձայնազուրկ: Սա էլ է կարևոր պայման, քանի որ հայ ժողովուրդը կորցրել է հավատը արդար, անաչառ, իսկ որ ամենակարևորն է՝ հայանպաստ ու հայակենտրոն ղեկավարի գոյության հանդեպ: Իսկ հավատի կորստին, ըստ իս, մեծապես նպաստել են հատկապես երկու հոգի՝ Հայաստանի Հանրապետության առաջին և ներկայումս գործող ղեկավարները: Այս պայմաններում ժողովրդի կորսված հավատի վերականգնմանը կարող է նպաստել միայն համահայկական մտավորական ներուժի համախմբումը: Մեծ եղեռնից հետո բնավեր դարձած մեր հայրենակիցները, հանգրվանելով աշխարհի տարբեր երկրներում, այնտեղ ստեղծեցին հայկական համայնքներ: Աշխարհի տարբեր ծագերում ապաստանած մեր հայրենակիցներից շատերը տարբեր ոլորտներում հասել են նկատելի հաջողությունների: Հենց այդ ներուժը պետք է ուղղորդվի ամուր ու արդար Հայաստանի կայացմանը: Ինձ համար կարևոր է նաև, որ հիշատակածս խորհրդում առևտրականներ չլինեն, քանի որ փող աշխատելու գայթակղությունն ու ակնկալվող շահը թույլ չեն տալիս նրանց մտածել պետության բարօրության մասին: Առերևույթ անէական թվացող այս պահանջն, ըստ իս, խիստ հիմնավորված է: Չէ՞ որ մենք դարձանք ականատեսը, թե ինչպես էությամբ և մտածողությամբ առևտրական Դոնալդ Թրամփը կործանեց ԱՄՆ-ը»,- նշեց նա:

Ի դեպ, Արբակ Խաչատրյանը ռուսական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներում դեռևս Թրամփի ընտրվելուց առաջ էր կանխատեսել, որ առևտրականի մտածողություն ունեցող Թրամփը լինելու է աշխարհում մեծ կշիռ ու հզոր ազդեցություն ունեցող ԱՄՆ-ի վերջին նախագահը:

«Խորհրդում պիտի ընդգրկվեն մտավորականներ, որոնք պիտի ունենան հավասար ձայն»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Խորհրդի կազմի և գործունեության մասին ցանկացողները կարող են առավել մանրամասն տեղեկանալ ռուսական մամուլից:

Անդրադառնալով կառավարությունում սկսված պաշտոնանկությունների շքերթին՝ Արբակ Խաչատրյանը նկատում է, որ այդ փոփոխությունները բարոյահոգեբանական այս իրավիճակում ոչնչի չեն հանգեցնելու: Միակ իրական ուժը, որ կկարողանա արժանապատիվ վարք դրսևորել, հայկական շահերի պաշտպանությամբ զբաղվել ու խելամիտ պահանջներ ներկայացնել գերտերություններին, համահայկական ինտելեկտուալ սերուցքն է. «Անձերի փոփոխությունը՝ լինի դա պրոռուսական հակվածությամբ ինչ-որ գործիչ կամ, ասենք, սեռափոխ մեկը, Հայաստանին որևէ օգուտ տալ չի կարող: Այդ փուլն արդեն անցել ենք: Հայաստանում պետք է գործի դրվեն ինստիտուտները, որոնք պետք է ղեկավարվեն առաջատար ու իրազեկ մասնագետների կողմից, պետք է երկրների միջև պահպանվի հոգևոր-մշակութային կապը: Հայաստանի հիմնական կապիտալը պետք է լինի մտավորական, ինտելեկտուալ մարդը»:

Ուշագրավ են նաև վերլուծաբանի դիտարկումները 44-օրյա պատերազմի և հռչակված «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրի մասին: Արբակ Խաչատրյանի դիտարկմամբ՝ այդ ամենի արմատները շատ ավելի խորն են: «Ամեն բան սկսվեց այն պահից, երբ 1990-ականներին, այն ժամանակների «քաղաքական դեմքերն» ու «ամենակարող» չինովնիկները սկսեցին իրենց վերագրել հաղթանակի դափնիներն ու իրական հերոսների փոխարեն հերոսներ հռչակել իրենց: Սրան զուգահեռ՝ սկսվեց հյուսվել այն «ոդիսականը», այն միֆը, թե մեր քաջարի զինվորները, առանց քաղաքական և տեխնիկական որևէ աջակցության, կհասնեն Բաքու, այնտեղ սուրճ վայելելուց հետո էլ նավով կհասնեն Ստամբուլ: Հենց այդպես, հեշտ ու հանգիստ, առանց այլևայլությունների… Իսկ իրականում պատերազմի հաղթական ավարտն ապահովողներից շատերի անուններն այդպես էլ չհրապարակվեցին ու հանրության գիտությանը չարժանացան: Վտանգավոր էր:

Այո, հայ ժողովուրդն այն ժամանակ գրամ իսկ չէր կասկածում իր հաղթանակին: Այդ հաղթանակի ապահովման համար, սակայն, բանակը պետք է ապահովված լիներ զենք-զինամթերքով»:

Մեր զրուցակիցը ասում է, որ ոչ ոք հիմա չի կարող ասել, թե ինչպես են զենքերը եկել-հասել Հայաստան, ինչպես, ում «թեթև» ձեռքով է «Կալաշնիկով» ինքնաձիգների փամփուշտների գիծը սեփականացվել: Ինչպես են 90-ականներին պաշտպանության այն ժամանակվա նախարարն ու փոխնախարարն իրենից օգնություն խնդրել Գանձակը վերցնելու համար, ինչպես են այդ օգնությունը ստացել, որին, սակայն, այդպես էլ ոչինչ չի հաջորդել… Այսօր ամբողջ ազգային հարստությունը սեփականացված է, հետպատերազմյան այս խառնակ օրերին էլ կան մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, բանակի համար նախատեսված միջոցները թալանել՝ թքած ունենալով ուզած տիպի սրբության վրա:

Իբրև թեմայի շարունակություն մեր զրուցակիցը հիշում է, թե իրեն ժամանակին ինչեր են առաջարկել՝ սեփականություն, ունեցվածք… ինչից նա կտրականապես հրաժարվել է՝ դա համարելով անբարո: Հիմա նա ամենևին էլ հռետորական հարց չի հնչեցնում, նա ցանկանում է ստանալ բարձրացվող հարցի պատասխանը. այդ ինչպե՞ս Երևանի ամբողջ կենտրոնը սեփականացվեց, որտեղի՞ց այդ մարդկանց այդքան գումար: Սրանք են պատճառները, որ մենք չենք կարողանում մեր անկախությունը պահել: Արբակ Խաչատրյանը նշում է, որ հայ ժողովուրդը միանգամից փոխեց իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, նա վստահ է, որ եթե այսօր Հայաստանի քաղաքներից որևէ մեկի վրա հրթիռ ընկնի, ապա կարճ ժամանակ անց հայաստանաբնակների գերակշիռ մասը ցանկություն կհայտնի միանալ Ռուսաստանին: Այսօր բոլորը դարձել են քաղաքագետներ և խոսում են բարձր ամբիոններից, սակայն ոչ մի օգուտ չեն տալիս: Նա մոտ ապագայում Հայաստանի գլխին սրի նման կախված մեծ վտանգ է կանխատեսում և նշում՝ հարկավոր է շտապ խելքի գալ և հավաքվել: Զուգահեռաբար նա բերում է նաև 90-ականների օրինակը. «Զենք-զինամթերքի ձեռք բերմանն ու ռազմական հաջողություններին զուգահեռ նաև դիվանագիտական կորպուսը պետք է այնքան խելամիտ լիներ, որ հզոր երկրները մեզ հետ հաշվի նստեին, աջակցեին Հայաստանին: Հենց հիշատակված ուղղություններով էլ սկսեցին աշխատել մարդիկ, որոնց անուններն այդպես էլ մնացին ստվերում, մինչդեռ հերոս հռչակվեցին օրվա իշխանությունները: Ավելի ուշ իրավիճակն ամբողջացրեց «առանձնահատուկը», իրեն միակն ու անկրկնելին երևակայող Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը: Ղարաբաղ գոռալով իշխանության գալով՝ նա սկսեց խոսել ազատագրված հողերը հակառակորդին վերադարձնելու մասին: Միանշանակ չընդունվելով համերկրացիների կողմից՝ նա, չհրաժարվելով իր տեսակետից, սկսեց այդ ծրագրի կյանքի կոչման համար «արժանի հետնորդներ» որոնել: Ու տևական ժամանակից հետո գտավ… Հենց նա էլ՝ ի դեմս Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված նվաստացուցիչ համաձայնագրի, «ծնկի բերեց» Հայաստանը»:

Արբակ Խաչատրյանը նշում է, որ չի հավատում, թե Նիկոլ Փաշինյանը հողեր է ծախել, նրան պարզապես պատրաստել են այդ պահի համար իրենց ճշմարտացիությունն ապահովելու նպատակով՝ կանխամտածված գնալով հազարավոր զոհերի և ճակատագրերի կործանման. «Ինչո՞ւ երբևէ չի խոսվում այն մասին, որ աշխարհում առաջին անգամ տարածքներ են վերադարձվում հարկադրաբար, ինչո՞ւ պետք է մենք մեր զենքով վերցրածը այսքան հեշտ վերադարձնենք, ո՞ւր է մեր դիվանագիտական կորպուսը: Մինչդեռ 1990-ականներին մենք հաղթած երկիր էինք և կարող էինք հասնել առավելագույն արդյունքի, եթե, իհարկե, զերծ մնայինք արտաքին ազդեցություններից: Մենք ունեինք բոլորովին այլ կարգավիճակ, մեր տարածքով անցնում էր երկաթուղի, գազամուղ, և միանշանակ կարող էինք խոսել այլ՝ պահանջողի դիրքերից: Մի բան, որը, չգիտես ինչու, չեղավ, չարվեց… Հիմա ունենք այն, ինչ ունենք: Ստեղծված իրավիճակից ելքի մեր առաջարկը, կարծում եմ, կարող է արդյունավետ լինել»:

Ի դեպ, Արբակ Խաչատրյանը 1990-ականներին հաղթանակ ապահոված այն մարդկանցից մեկն է, ում անունը նույնպես տարիներ շարունակ «խնամքով» պահվել է հանրությունից: Թեպետ ի սեր անկեղծության, հարկ է նկատել, որ չէր հրապարակայնացվում նաև հենց իր՝ Արբակ Խաչատրյանի «երևակվելու» ցանկություն չունենալու պատճառով: Միայն վերջին տարիներին նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վահան Շիրխանյանի, Սահակ Սալնազարյանի ու այլոց կողմից սկսեց հրապարակավ խոսվել Արբակ Խաչատրյանի՝ այն ժամանակ ցուցաբերած անուրանալի աջակցության մասին: Երբ սկսեցինք նրանից հետաքրքրվել, թե ինչ է փոխվել, որ ինքը հիմա համաձայնում է հրապարակայնացնել այդ փաստը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ՝ մեկ անձը շատ բան անել, շատ բանի միայնակ հասնել չի կարող: Հանուրի ջանքերը մեկտեղելու, ինտելեկտուալ ներուժը երկրի հզորացմանը ծառայեցնելու համար էլ մեր նախաձեռնությամբ ստեղծվել է մտավորականների ասոցիացիան։ Հայաստանին և հայ ժողովրդին հասցվել է այնպիսի հարված, որը չափելի չէ։ Ծանոթ-բարեկամների հետ զրույցներում շատերն են խոսում ռևանշի, վերազինվելու անհրաժեշտության մասին, որն, ըստ իս, խիստ ուշացած է: Դրա փոխարեն կփորձենք համառոտ ներկայացնել, թե ինչպես պիտի հզորանա Հայաստանը։ Տարածաշրջան է մտել ՌԴ-ն՝ իր խաղաղապահներով և հզոր զենքերով, մեր կողքին է գտնվում վիթխարի զինական արսենալ ունեցող Իրանը: Մեր մյուս հարևանը 50 տարի ՆԱՏՕ-ի զենքերն ամբարած Թուրքիան է։ Կասկածից վեր է, որ դեպքերի որոշակի զարգացման դեպքում գերժամանակակից զինանոցով տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Վրաստանում կհայտնվի նաև ԱՄՆ-ը: Հիմա կարո՞ղ եք ասել, թե նման իրավիճակում ինչ պիտի անի յուրայինների կողմից 30 տարի շարունակաբար ու անխնա հոշոտված Հայաստանը։ Այսօր ոմանք ասում են, որ սահման պետք է պահենք, ես արդեն վերևում նշեցի մեր աշխարհաքաղաքական դրությունը, հարց է առաջանում՝ ումի՞ց սահման պիտի պահենք, ում դե՞մ պիտի զինվենք»:

Մեր այն հարցին, թե ժամանակին գերիներին ազատելու հարցով Արբակ Խաչատրյանի կողմից կատարված մեծածավալ աշխատանքը ինչու չի հանրայնացվել, մեր զրուցակիցը նշեց, որ գերիներին ազատելը չպետք է հանրայնացվի, պետք չէ հիշատակել, թե ով է անում և ինչ ճանապարհով: Հիմա կարող ես փիառի համար մեկ կամ երկու գերի ազատել և մնացածին զոհ տալ:

«Ես մնում եմ այն համոզմանը, որ Հայաստանին կարող է փրկել միայն մարդկային կապիտալը, համաշխարհային «ուղեղային կենտրոններում» ազդեցության լծակների տիրապետող մեր ազգակիցները»,- ընդգծեց նա:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց այս վիճակում, որտե՞ղ պիտի փնտրել սրա պատճառահետևանքային կապը, Արբակ Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ճիշտ հարց եք ինձ ուղղում: Դա մեզ էլ է անասելի հետաքրքրում: Այդ իսկ նկատառումներով մտադիր ենք ասոցիացիայի անունից հարց ուղղել բոլորին՝ հոգևոր կենտրոններին, աշխարհասփյուռ հայությանը՝ հասկանալու համար կատարվածը, հասկանալու համար խնդիրը, այն է՝ ինչն է պատճառը, որ արդեն երկու հազար տարի է, ինչ մենք՝ հայերս, չենք կարողանում անկախ պետություն կայացնել ու բնականոն հարաբերություններ հաստատել դրացիների հետ, ինչն է ներքաղաքական անվերջ գզվռտոցների պատճառը, որոնք վերջնարդյունքում հանգեցնում են պետականության կորստի: Մենք թշնամիներ չունենք, դրանք ստեղծվում են հենց մեր կողմից: Ակնկալում ենք, որ հիմք ընդունելով պատասխանների բովանդակությունը՝ մեզ կհաջողվի լուծել այս թնջուկը, գտնել բոլորիս առաջարկված գլուխկոտրուկի պատասխանը: Մեր նպատակը վաճառքի ոչ ենթակա ողջ կապիտալի մեկտեղումն է, որն էլ կկատարի փրկօղակի դեր…»:

Արբակ Խաչատրյանը նշում է, որ վերափոխվող աշխարհում փլուզվում է նաև մարդկությանը շնչահեղձ անող, աքցանների մեջ առած ֆինանսաբանկային համակարգը, ինչի մասին ինքը տևական ժամանակ է, ինչ ահազանգում է: Վերլուծաբանն առաջարկում է արժանապատիվ երկրի կայացման նոր փուլը սկսել համահայկական ինտելեկտուալ ներուժի համախմբմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում