ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր լսումներ են նախատեսված Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածությունը հաստատելու վերաբերյալ:
«Առաջին լրատվականը» ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ զրույցում փորձեց պարզել Հայ դատի գրասենյակի դիրքորոշումը՝ կապված Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածության հետ:
Վերջինիս խոսքով՝ իրենց դիրքորշումը կախված է Ռիչարդոնեի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ցեղասպանության մասին տված պատասխաններից: «Նայած, թե նա ինչ կպատասխանի: Հարցումների հիման վրա կորոշվի»,- ասաց Կ.Մանոյանը՝ նշելով, թե նրա անձի հանդեպ չկա վերաբերմունք, մինչև պատասխան չտա իրեն ուղղված հարցերին:
Նշենք, որ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ամերիկահայերին կոչ է արել հորդորել սենատորներին՝ հարցեր ուղղել Ռիչարդոնեին Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ ԱՄՆ-ի քաղաքականության, ինչպես նաև թուրք- ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: