Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ցամաքային զորքերի նորանշանակ հրամանատար և Գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ (Ժանդարմերիայի նախկին հրամանատար) Նեջդեթ Օզելը, ով շուտով դառնալու է Գլխավոր շտաբի պետ, քրդերի շրջանում և ընդհանրապես Թուրքիայում հայտնի «Քիմիական Նեջդեթ» մականվամբ։
1999 թվականի մայիսի 11-ին Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի Բալլըքայա գյուղի մոտ բախում է տեղի ունեցել թուրքական բանակի ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Բախման ժամանակ թուրքական բանակը քիմիական զենք է կիրառել քուրդ զինյալների դեմ, ինչի արդյունքում տեղում զոհվել է 20 քուրդ զինյալ։ Այս գործողությունը գլխավորել է հենց Նեջդեթ Օզելը։ Այս գործողության համար նա քրդերի կողմից ստացել է «Քիմիական Նեջդեթ» մականունը։
Հիշեցնենք, որ սրանից ուղիղ մեկ տարի առաջ եվրոպական (մասնավորապես` գերմանական) մամուլում շրջանառության մեջ էր մտել այն լուրը, թե թուրքական զինուժը PKK զինյալների դեմ պայքարում քիմիական զենք է օգտագործում եւ մասնատում նրանց դիակները: Գերմանական «Der Spiegel» թերթը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ իրենց խմբագրությունում ստացվել են զոհված 8 քուրդ զինյալների լուսանկարներ, որոնք զոհվել են քիմիական զենքի կիրառման արդյունքում:
Այն ժամանակ գերմանական Բունդեսթագի զինաթափման գծով հանձնաժողովի նախագահ Ուտա Ցապֆը հայտարարեց, որ եթե դա ապացուցվի, ապա Թուրքիային սպառնում է միջազգային պայմանագրերին համապատասխան պատժամիջոցների կիրառումը:
Պետք է նշել, որ քիմիական զենքի կիրառումն արգելված է 1899 թվականի Հաագայի կոնվենցիայով, որի 23-րդ հոդվածով արգելվում է այնպիսի զինամթերքի կիրառումը, որի միակ նշանակությունը հակառակորդի կենդանի ուժը թունավորելն է, ինչպես նաև 1925 թվականի Ժնևյան արձանագրությամբ ու 1993 թվականի՝ քիմիական զենքի մշակումը, արտադրությունը, կուտակումն ու կիրառումն արգելող Ժնևյան կոնվենցիայով:
Թուրքիան վերջինիս տակ իր ստորագրությունը դրել է 1993 թվականի հունվարի 14-ին: Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (OPCW) անդամակցելու որոշումը Թուրքիայում վավերացվել է 1997 թվականի մայիսի 12-ին և ուժի մեջ մտել 1997 թվականի հունիսի 11-ին:









































