ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հուլիսի 30-ին մասնակցել են Սևան-Մարտունի-Գետափ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Լճաշեն գյուղի 2.5 կմ երկարությամբ վերակառուցված հատվածի բացմանը:
Նախարար Մ.Վարդանյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է ճանապարհահատվածով, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Նախարարը նշել է, որ 2009 թ-ից վերականգնվող ճանապարհահատվածը Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում գտնվել էր ջրածածկ վիճակում, սակայն ներկայումս այն համապատասխանում է շահագործման նորմերին և ամբողջովին ապահով է երթևեկության համար: Ճանապարհահատվածում իրականացվել են ափապաշտպան միջոցառումներ, հողային աշխատանքներ, ճանապարհահատվածի ողջ երկարությամբ տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաև ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ:
Նախարար Վարդանյանը տեղեկացրել է, որ ճանապարհը ջրի մակարդակի հետագա բարձրացման արդյունքում վտանգի չի ենթարկվի, իսկ բացի այդ, շինարարությունն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 3 տարի անվճար սպասարկել ճանապարհը:









































