ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
1997թվականի և այսօրվա մինջև սոսկալի տարբերություն կա՝ այն ժամանակվա պատերազմում հաղթած Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ուրիշներ) արցախյան կարգավորման տերպետրոսյանական մոտեցումը համարեց պարտվողական և թույլ չտվեց, որ նա շարունակի Հայաստանը ներկայացնել ղարաբաղյան բանակցություններում։
Այսօր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդպես չի կարծում, ավելին՝ ԳՇ պետ Գասպարյանը հայտարարում է, որ ինքն է խորհուրդ տվել Փաշինյանին ստորագրել հայտնի հայտարարությունը, որը պատերազմը կասեցնելու միակ հնարավորությունն է եղել։
Այս իրողությունը տրամագծորեն փոխում է իրավիճակը և «դրսից» Փաշինյանից հրաժարական պահանջելն առնվազն խելամիտ չէ։ Վարչապետն ու նրա քաղաքական թիմը պետք է առաջարկեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի վերջին հանգրվանը պետք է լինեն արտահերթ ընտրությունները, և որին ԻՔ-ն Փաշինյանի գլխավորությամբ մասնակցելու հնարավորություն պետք է ունենա և կապիտալիզացնի իրեն այսօր էլ աջակցող հանրության վստահությունը։
Բայց սա չէ այս պահի ամենակարևոր հարցը։ Հայաստանի, Արցախի, համայն հայության յարևորագույն հարցը կայանում նրանում՝ թե ո՞վ պետք է մինչև նոր՝ արտահերթ ընտրությունները (որի արդյունքներով Նիկոլ Փաշինյանը կարող է կրկին վերստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը) ներկայացնի Հայաստանին՝ ծանրագույն փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում։
Այս հարցի պատասխանը պետք է կազմի ներկայիս քաղաքական գործընթացի առանցքը: Կա՞ այդ պատասխանը, եթե ոչ։ Մի քանի օր շարունակվող քաղաքական գործընթացները դեռ զուրկ են այդ կոնկրետությունից, ինչը իր հերթին խնդիր է քաղաքական իրողությունների համարժեքության առումով:








































