ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջ աշխարհի մուսուլմաններին շնորհավորել է սրբազան Ռամադան ամսվա կապակցությամբ: Հայտարարության մեջ ԱՄՆ նախագահն ասել է, որ Ռամադանը խոր մտորումների և մեղքերը քավելու ժամանակն է, և որ այդ ընթացքում ընտանիքներն ու համայնքները հավաքվում են՝ միասին աղոթելու և «իֆտարի»՝ համընդհանուր ճաշկերույթի, որը սկսվում է մայրամուտից հետո:
Օբաման ցանկացել է բոլոր մուսուլմաններին «բարերար ամիս» և նշել, որ պատրաստվում է «իֆտար» կազմակերպել Սպիտակ տանը: Նա հավելել է, որ Ռամադանը հիշեցնում է, որ անհրաժեշտ է օգնել չքավորներին և ընչազուրկներին՝ հիշատակելով իրավիճակը Սոմալիում և Աֆրիկյան Եղջյուրի մյուս երկրներում, որտեղ մարդիկ և հատկապես երեխաները տառապում են սովից: Նա կոչ է արել երկրներին և ժողովուրդներին միավորել ջանքերը և անել ամեն բան, որպեսզի հնարավոր լինի խուսափել ողբերգությունից: