Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, շփվելով «Սելիգեր 2011» երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ իր տանդեմն անվանել է պետությունը ղեկավարելու աշխատող գործիք: Այս մասին հաղորդում է RBC-ն:
«Ընդհանուր առմամբ, այսպես կոչված տանդեմը, որի մասին այդքան շատ են խոսում, իրականում ձևավորվել է որպես լավ գործիք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են նրա հարաբերությունները գործող նախագահի հետ: «Մենք Դմիտրի Անատոլևիչի հետ վաղուց ենք ծանոթ, միասին շատ ենք աշխատել և ունենք ընդհանուր տեսակետներ երկրի զարգացման սկզբունքային հարցերի և միջազգային խնդիրների վերաբերյալ: Սակայն մենք, իհարկե, տարբեր մարդիկ ենք: Մենք կարող ենք ունենալ «համային» տարբեր ընկալումներ»,- ասել է Պուտինը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, Պուտինն ասել է. «…դրանք սարերի ետևում չեն: Որոշ ժամանակ կանցնի, և մենք ձեզ հետ միասին կքննակենք, թե ինչ անել հետագայում»:
Ուշագրավ է եղել նաև քննարկումը Հարավային Օսիայի վերաբերյալ: Հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ Հարավային Օսիան միանա Ռուսաստանին, Պուտինն ասել է, որ իրենք աջակցել են այդ հանրապետությանը ռազմական գործողությունների ժամանակ, սակայն «ապագան կախված կլինի միայն օս ժողովրդից»:








































